Կայանատեղի չի լինելու. ընկերությունը հրաժարվել է ծրագրից

«Իքս-2» շինարարական ընկերությունը հրաժարվել է Թբիլիսիի կենտրոնական հատվածում՝ Ֆիլհարմոնիկ համերգասրահին կից տարածքում ստորգետնյա բազմահարկ կայանատեղիի շինարարության ծրագրից:

Հայտնում է՝ Կոմերսանտը: 

2018-ի սեպտեմբերին շինարարական մի ընկերություն հետաքրքրվել էր կայանատեղիի շինարարության մրցույթով, «Իքս-2»-ը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համաձայնությամբ՝ 5 ամսվա ընթացքում պետք է տեխնիկական հետազոտություն անցկացներ ու պատրաստեր պրոեկտային թղթաբանությունը:

Գերմանացի մասնագետների ուսումնասիրությունների համաձայն՝ ընկերությունն ի վիճակի չէ 18 տարվա ընթացքում վերադարձնել ներդրած գումարները: Ընկերության ղեկավարությունից հայտնել են, որ նշված շինարարությունը շահավետ չէ, և իրենց ու քաղաքապետարանի հաշվարկները չեն համընկնում, ուստի հրաժարվել են ծրագրից ու տեղեկացրել Թբիլիսիի քաղաքապետարանին:

Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը լինելու էր 11 մլն. լարի (ավելի քան 4 մլն. դոլար): Ամբողջ գումարը պետք է տրամադրեր շինարարական ընկերությունը: Քաղաքապետարանն այս տարածքը հանձնել էր 27 տարով: Ստորգետնյա կայանատեղին նախատեսված էր 180 մեքենայի համար:

Քաղաքում, հատկապես կենտրոնական հատվածներում մեքենաների կայանման խնդիրը մնում է չլուծված, քաղաքապետարանից վերջերս ասել էին, թե 10 տեղ կա, ուր հնարավոր է ստորգետնյա ավտոկայանատեղիի հարմարեցնել: Բազմահարկ կայանատեղի կառուցելու ծրագրեր կան Կենտրոնական երկաթուղային կայարանին հարող հատվածում, Դինամո ստադիոնի մոտ, Մարջանիշվիլի մետրոյի հարակից տարածքում, Իսանի և Վարկեթիլի թաղամասերում և այլն: