Կայանման տուգանքի չափն ավելացել է

2023 թվականի 10 ամսում (հունվար-հոկտեմբեր), 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, մայրաքաղաք Թբիլիսիում ավտոկայանատեղիների համար նախատեսված տուգանքների ծավալն աճել է 12 մլն լարիով կամ 368 տոկոսով։

Bpn.ge լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին մայրաքաղաքում կայանման կանոնների խախտման համար կիրառված տուգանքներից բյուջե է մուտքագրվել 15,364 մլն լարի, 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 3,282 մլն լարի:

Ավելացել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար բյուջեում ներառված գումարը։ Ֆինանսների նախարարության տվյալներով, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բյուջե է մուտքագրվել 179,250 մլն լարի, 2022-ի 10 ամիսներին՝ 147,111 մլն լարի։

Ի դեպ, 2022 թվականի աշնանից կայանման կանոնների խախտման համար տուգանքը 10 լարիից դարձել է 50 լարի, և ծավալների ավելացումը մասամբ պայմանավորված է այս փոփոխությամբ։