Քաղաքացիներին պատվաստող բժիշկներն ու բուժքույրերը մեկ անձի համար 20 լարիով կվարձատրվեն. Գաբունիա

Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ բժիշկներն ու բուժքույրերը, որոնք քաղաքացիներին «կհամոզեն» պատվաստման կարևորության մասին, պետությունից մեկ անձի համար կստանան 20 լարի (մոտ 6 դոլար): Ըստ Գաբունիայի, հոկտեմբերի 8 -ից բժիշկներն ու բուժքույրերը կներգրավվեն բնակչության հետ խորհրդակցությունների գործընթացում:

«Այժմ մենք հասել ենք այն փուլին, երբ առանց դեմառդեմ հաղորդակցվելու դժվար է մարդուն համոզել, որ պատվաստումն անվտանգ է և արդյունավետ։ Ընտանեկան բժիշկը և բուժքույրը, ամեն դեպքում, մեծ ազդեցություն ունեն, հատկապես գյուղական վայրերում: Եթե ​​ընտանեկան բժիշկն իր մոտ գրանցված քաղաքացուն ասում է, որ պատվաստանյութը վտանգավոր է, մեր ներդրած բոլոր ջանքերը, բացարձակապես իզուր են»,-ասել է Գաբունիան՝ կարևորելով ընտանեկան բժիշկների ակտիվ ներգրավվածությունը խորհրդատվության գործընթացում:

Ըստ Գաբունիայի, արդեն այսօրվանից ակտիվ խորհրդակցություններ են անցկացնում ընտանեկան բժիշկների և բուժքույրերի հետ, որպեսզի նրանք էլ սկսեն աշխատել իրենց բնակչության հետ, իսկ արդեն յուրաքանչյուր պատվաստված քաղաքացու համար կստանան պարգևավճարներ։