Պետությունը բոլոր տուժածներին համապատասխան օգնություն կցուցաբերի. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ներքին գործերի նախարարն արդեն Բաթումիում է, իսկ ինքն օրվա ընթացքում կժամանի Բաթումի։

Ղարիբաշվիլիի խոսքերով, Բաթումիի Մայիսի 26 փողոցի բնակելի շենքի փլուզման հետ կապված՝ տեղում մոբիլիզացվել են բոլոր համապատասխան ծառայությունները, միջոցներ են ձեռնարկվում վիրավորներին փլատակների տակից հնարավորինս շուտ հանելու համար:

Վարչապետը նաև նշել է, որ դեպքի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։

«Բաթումիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ տեղում մոբիլիզացվել են բոլոր համապատասխան ծառայությունները, այդ թվում՝ ՆԳՆ ստորաբաժանումները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և քաղաքապետարանի ծառայությունները: Այժմ ընթանում են փրկարարական աշխատանքներ՝ վիրավորներին հնարավորինս շուտ փլատակների տակից հանելու համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին, և հավելել, որ պետությունը բոլոր տուժածներին համապատասխան օգնություն կցուցաբերի։

Այս պահին աշխատում են փրկարարական ջոկատներ, սակայն, Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, փլատակների տակից դեռ դուրս բերվածներ չկան:

Բաթումիի քաղաքապետի պաշտոնակատար Լելա Սուրմանիձեի խոսքով՝ Բաթումիում փլված մուտքի առաջին հարկի բնակարանում, որը փակ է եղել, ապրողներ չեն եղել: Երկրորդ բնակարանում գեղեցկության սրահ է եղել։ Ըստ քաղաքապետի պաշտոնակատարի՝ մյուս 5 հարկերում ապրում էր մոտ 15 ընտանիք:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մոտ, Բաթումիում՝ Մեմեդ Աբաշիձեի և Մայիսի 26 փողոցների խաչմերուկում, փլուզվել է  բազմահարկ շենքի մի մուտքը: