Քաղաքացիներն այսօրվանից կպատվաստվեն նաև Pfizer պատվաստանյութով

Վրաստանում այսօրվանից՝ մարտի 30-ից քաղաքացիները կարող են պատվաստվել նաև Pfizer տեսակի պատվաստանյութով:

Պատվաստումները կընթանան վեց կլինիկաներում:

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան նշել է, որ այս պահի դրությամբ Astrazeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվում են 20 կլինիկաներում: Հարկ եղած դեպքում` այս կլինիկաների թիվը կավելանա:

Մարտի 25-ից  քաղաքացիները հնարավորություն ունեն` ընտրել երկու պատվաստանյութից: Մեկ օրվա ընթացքում Pfizer –ով պատվաստվելու համար 6000-ից ավելի մարդ է գրանցվել:

Այս պահի դրությամբ պատվաստվելու համար գրանցվում են ռիսկային երկու խմբեր՝ բուժաշխատողներն ու 65-ն անց տարիքի քաղաքացիները:

Հիշեցնենք` 95 տոկոսանոց արդյունավետություն գրանցած Pfizer պատվաստանյութի 29 500 չափաբաժին Վրաստանը ստացել է մարտի 23-ին: