Քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստով 6 ոստիկան է ձերբակալվել

Գորիում քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկելու գործով 6 ոստիկան է ձերբակալվել։ Դատախազության հաղորդմամբ՝ նրանց դեմ հետաքննություն է ընթանում պաշտոնեական լիազորությունները բռնությամբ չարաշահելու հոդվածով։

«Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի շրջանային դատախազության քննչական վարչության՝ Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության հետ համակարգմամբ իրականացված քննությամբ պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 27-ին Գորի քաղաքում մեղադրյալները տուժողին ձերբակալելիս բռնությամբ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները։ Կիրառված բռնության հետևանքով էականորեն խախտվել են տուժողի իրավունքները, նաև վնասվել է նրա առողջությունը»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Երեկ՝ մայիսի 27-ի կեսօրին տեղի ունեցած միջադեպին մասնակից ոստիկանները ձերբակալվել են այսօր՝ մայիսի 28-ին։ Այնուամենայնիվ, դատախազության հաղորդագրության մեջ նշված է, որ ապացույցները ձեռք են բերվել «սեղմ ժամկետներում անցկացված քննության արդյունքում»։

Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի կետով, որը նախատեսում է 5-ից 8 տարի ժամկետով ազատազրկում։