Քաղաքապետը ստո՞ւմ է. խորհրդարանը չի քվեարկել կայանման տուգանքի օրինագծի համար

Վրաստանի խորհրդարանը երրորդ լսումով քննարկել, սակայն չի քվեարկել կայանման տուգանքի մասին օրինագծի համար։ Գրում է netgazeti.ge-ն։ Հետևաբար, այն տեղեկատվությունը, թե կայանման տուգանքը հնգապատվել է, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Թբիլիսիում կայանման կանոնները խախտելու համար տուգանքը 10-ից 50 լարի է դարձել:

Սակայն ո՛չ հոկտեմբերի 29֊ին, և ո՛չ էլ 30֊ին խորհրդարանը չի քվեարկել օրինագծի համար։ Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի խոսքերով՝ նշված փոփոխությունների քննարկմանը խորհրդարանը կվերադառնա ավելի ուշ։

Ի՞նչ էր հայտարարել Կալաձեն

Քաղաքապետ Կալաձեի խոսքով, օրենքում համապատասխան փոփոխությունները խորհրդարանն ընդունել է Թբիլիսիի քաղաքապետարանի խնդրանքով: Կալաձեն պնդում է, որ այս որոշումը կապ ունի քաղաքապետարանի տրանսպորտային քաղաքականության և գոտիավորված ժամանակային կայանման ներդրման հետ:

Կալաձեն նաև հայտարարել է, որ փոխվում է տուգանքները մուծելու կարգը, եթե մինչ այս փոստով էին ուղարկում տուգանքները, հիմա տուգանքները միայն հրապարակվելու են քաղաքապետարանի կայքէջում, իսկ տուգանված քաղաքացուն հաղորդագրություն է ուղարկվելու: