Կիևն իր հաղթանակը չի կիսի Թբիլիսիի հետ

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը «Ռադա» հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստվում են միանալ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի առաջիկա հաղթանակին՝ առանց պատերազմին մասնակցելու։

«Այսօր ես լսեցի Վրաստանի նախագահի հայտարարությունը, ով կարծում է, թե երբ մենք Ռուսաստանի հետ ինչ-որ խաղաղության համաձայնագիր ստորագրենք, դրանում կներառենք Վրաստանի այն տարածքները, որը Ռուսաստանն օկուպացրել է 2008 թվականին։

Ժամանակին, երբ վրացի եղբայրներին ասացի, եկեք, օգնեք, Վրաստանը՝ ի դեմս այս անձանց (նկատի ունի նախագահին և մյուս պաշտոնյաներին), լռեց, նույնիսկ դիտողություն արեց, թե խառնվում ենք իրենց ներքին գործերին։ Իսկ հիմա նա (Վրաստանի նախագահը) ցանկանում է կիսել մեր հաղթանակը և կարծում է, որ դա անհրաժեշտ է», — ասել է Դանիլովը։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ  Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ապագա դիվանագիտական ​​կարգավորումը պետք է ներառի նաև Վրաստանի տարածքից Ռուսաստանի զորքերի դուրսբերման հարցը։