«Թբիլիսոբա»-ն կնշվի հոկտեմբերի 3-ին և 4-ին

«Թբիլիսոբա»-ն կնշվի հոկտեմբերի 3-ին և 4-ին մայրաքաղաքի տարբեր վայրերում, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր` սեպտեմբերի 22-ին:

Նրա խոսքով, Ռիկղեի այգուց և Օրբելիանիի հրապարակից բացի, «Թբիլիսոբա»-ն կտոնվի Գուդիաշվիլիի հրապարակում, Լեգվտախևիում, Եվրոպայի հրապարակի և Մետեխի կամրջի տարածքում։

«Կլինեն բազմազան մշակութային, ժամանցային, կրթական և դիտարժան միջոցառումներ։ Ավանդաբար, միջոցառման տարածքում կտեղակայվեն տոնական զարդարանքներ և ինստալացիաներ, լուսանկարչական գոտիներ, հանգստի գոտիներ և բացօթյա կինոթատրոն։ Կկազմակերպվեն ձեռնարկատիրական և գաստրոնոմիկ գոտիներ, որտեղ կներկայացվի վրացական և արտասահմանյան խոհանոցը, և կանցկացվեն վարպետության դասեր, արագ սննդի կետեր, մեղրի և գինու ցուցահանդես-վաճառք-համտես, նաև ժամանակակից հրուշակեղեն», — մանրամասնել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների պարգևատրման արարողությունը կկայանա հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00-ին, որը կհեռարձակվի ուղիղ եթերով։