Պաշտոնական Թբիլիսին շնորհավորական ուղերձներ է հղել Ջո Բայդենին

Ջո Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ պաշտոնական Թբիլիսին շնորհավորական ուղերձներ է հղել:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Ջո Բայդենին և Քամալա Հարիսին հաղթանակի կապակցությամբ:

«Իմ շնորհավորանքը Ջո Բայդենին: Վրաստանին, Կովկասի տարածաշրջանին և աշխարհին անհրաժեշտ է ազատ, ուժեղ և ժողովրդավարական Ամերիկա: Հույս ունեմ՝ Ձեզ հետ համագործակցելու, որ մեր գործընկերությունն ու կապերը էլ ավելի ուժեղանան ու խորանան»,- Թվիթերյան իր էջում գրել է Զուրաբիշվիլին:

Ջո Բայդենին և Քամալա Հարիսին իր շնորհավորական խոսքն է հղել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Վրաց ժողովրդի անունից, շնորհավորում եմ ընտրված նախագահ Ջո Բայդենին՝ Վրաստանի վաղեմի բարեկամին, և ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին: Սպասում ենք ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հետագա ուժեղացմանը»,- գրել է Գիորգի Գախարիան:

ԱՄՆ-ի նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ Ջո Բայդենին շնորհավորել են նաև Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն: