2000 լարի տուգանք` Վրաստանում տեղաշարժի սահմանափակման արգելքն անտեսելու համար. Տեսանյութ

Վրաստանում նոյեմբերի 9-ից տեղաշարժման արգելն անտեսելու համար 2000 լարի (մոտ 600 դոլար) տուգանք է սահմանվել` ֆիզիկական անձանց համար, իրավաբանական անձանց համար` 10 հազար լարի:

Հիշեցնենք` Վրաստանի խոշոր քաղաքներում արգելվում է քաղաքացիների տեղաշարժը, խոսքն ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցով տեղաշարժվելու մասին է:  Արգելքը ասհմանվում է անորոշ ժամանակով, չի  տարածվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների վրա: Տեղաշարժի իրավունք կստանան նաև ռազմավարական նշանակության ու բժշկական կառույցների աշխատակիցները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, առաքման ծառայությունների համար ևս բացառություններ կարվեն:

Կառավարությունից արդեն հստակեցրել են` սա ոչ թե պարետային ժամ է, այլ հերթական տեղային սահմանափակում: 

Որոշում է կայացվել նաև փակել պետական ու մասնավոր մանկապարտեզները: Մինչ այդ դպրոցներն էին անցել հեռավար ուսուցման: Սահմանափակումներով է գործելու նաև հանրային տրանսպորտը։ Մասնավորապես` վարորդները պարտավոր են լինելու հետևել, որ ավտոբուսում ու երթուղայինում կանգնած  ուղևոր չլինի: Մետրոյում ևս ուղևորահոսքի վերահսկման  որոշում է  կայացվել:

Իշխանությունը չի բացառում, որ առաջիկայում հնարավոր են նաև նոր սահմանափակումներ:

Կորոնավիրուսի` երբեմնի կանաչ գոտի համարվող Վրաստանում վարակվածների ու վաակով պայմանավորված մահերի  նորանոր ռեկորդային թվեր են  հաստատվում. միայն վերջին 24 ժամում  2859 նոր դեպք է հաստատվել, որոնցից  18-ը` մահվան ելքով: