ԵՄ 27 երկրների դեմարշը ՌԴ-ի հետ թռիչքների վերսկսման պատճառով

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին Եվրամիության բոլոր դեսպանների հետ միասին կհանդիպի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթերի վերականգնման վերաբերյալ դեմարշի դիմելու նպատակով։

Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունից հայտնել են, որ հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 17:00-ին։ Դեմարշն իրականացվում է ԵՄ 27 երկրների անունից։

Ի դեպ, մայիսի 10-ին Ռուսաստանը չեղարկել է դեպի Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումները։ Այս որոշումը Մոսկվայում անվանել են «մարդասիրական»։

Ուշագրավ է, որ Վրաստանի կառավարությունը ողջունել է Մոսկվայի որոշումը և ասել, որ դա կհեշտացնի Ռուսաստանում ապրող «միլիոն վրացիների» կյանքը։ Թռիչքի թույլտվություն արդեն ստացել է երեք ընկերություն՝ ռուսական Azimuth-ը, Red Wings-ը և վրացական Georgian Airways-ը։

Հատկանշական է նաև, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը քննադատաբար են դիտարկում թռիչքների վերսկսումը:

Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ Եվրամիության երկրները դեմարշ են անում Վրաստանի նկատմամբ. նման բան տեղի է ունեցել նաև 2023 թվականի փետրվարին՝ կապված Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։