Ընտրություններին մասնակցությունը կարևոր է. մանրապատումներ Դամիայում

«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության (ՀԿ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի համագործակցությամբ ու Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ, այսօր՝ մայիսի 29-ին Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի ակումբում ներկայացվեցին «Քաղաքական ակտիվիզմ և ընտրություններին մասնակցելու կարևորություն» թեմաներով բեմականացված մանրապատումներ:

«Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի ներայացուցիչ Ամիրան Գելաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ նման մանրապատումների միջոցով փորձում են հասարակության շրջանում սերմանել ընտրություններին մասնակցելու գիտակցված ցանկություն: ՀԿ-ի ներկայացուցչի խոսքով, հանդիսատեսին ընտրություններին մասնակցության կարևորության մասին ճշգրիտ տեղեկություն փոխանցելու տարբեր ուղիներ կան, որոնցից մեկն էլ հենց թատերական ներկայացումն է, նաև՝ տիկնիկային կամ հումորային ներկայացումները:

«Ծրագրի շրջանակներում բեմադրում ենք ինչպես թատերական մանրապատումներ, այնպես էլ տարբեր տեսակի նախագծեր` նպատակ ունենալով իրազեկելու Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնություններին իրենց ընտրական և քաղաքացիական իրավունքների մասին»,- նշեց Գելաշվիլին:

Նրա խոսքով, այսօր բեմադրության ցուցադրություն է նախատեսվում նաև Շահումյան գյուղում, որից հետո նաև վաղը՝ մայիսի 30-ին, Կարմիրգյուղում և Միրզոևկայում, սակայն ցանկն այսքանով չի սահմանափակվում, հնարավոր է` ընդլայնվի:

Գելաշվիլին մանրամասնում է՝ նման մանրապատումներով հանդես են գալու ինչպես Քվեմո Քարթլիում, այնպես էլ Սամցխե-Ջավախեթիում. նպատակը՝ Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջանների բնակչությանն իրենց հասկանալի լեզվով մատուցումն է նման կարևոր թեմաների մասին:

Դամիայի հանրակրթական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ավագ ուսուցչուհի Լյուդմիլա Նալբանդյանը (Բադալյան) մանրապատումներից հետո նշեց` բոլոր մեսիջները, որ պարունակում էին մանրապատումները, վստահաբար` լիովին ընկալելի էին:

«Շատ հետաքրքիր մանրապատումներ էին: Հատկապես գյուղական շրջանների համար շատ ճիշտ էր, որ նման թեմաներ են հնչեցնում, քանի որ մարդիկ հաճախ գնում են ընտրության հարևանի, այս կամ այն մարդու ասած թեկնածուին ընտրելու` առանց հասկանալու, որ պետք է ընտրեն արժանիին, որն իրենց կօգնի, իրենց կարիքներն ու խնդիրները վեր կբարձրացնի»,- ասաց ուսուցչուհին:

Մանրապատումները համեմված էին ընտանեկան դրվագներով, հումորային մեսիջներով, որոնց օգնությամբ և շնորհիվ՝ դերասանները բարձրաձայնում էին հասարակության մեջ առկա ընտրությունների մասին թյուրըմբռնումների վատ հետևանքները, ընդգծում էին ընտրության, իսկական քաղաքացու կերպարի և այլ հարցերի կարևորությունը: