Վրաստանի առաջին դեմքերն անդրադարձել են բողոքի ակցիաներին

«Տարբեր հայացքների պատճառով միմյանց նկատմամբ ատելությունն անթույլատրելի է»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ անդրադառնալով Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերին։

Վարչապետը կոչ է արել կողմերին պահպանել միասնականությունը։

«Եվս մեկ անգամ դիմում եմ խնդրանքով, եկեք պահպանենք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբումը, որն է մեր երկրի ապագան։ Թույլ չտանք տարբեր հայացքների համար ատելություն։ Միավորվենք հանուն մեր երկրի պայծառ ապագայի»,-ասել է Կվիրիկաշվիլին։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին էլ շնորհակալություն է հայտնել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, ովքեր երեկ երեկոյան տեղի ունեցած ցույցերի ժամանակ պահպանել են քաղաքացիների անվտանգությունը։

«Շնորհակալ եմ, որ հետևեցիք իրավիճակին և թույլ չտվեցիք, որպեսզի երկու ցույցերի մասնակիցների միջև բախում տեղի ունենա։ Շնորհակալ եմ ձեր առջև դրված բարդ աշխատանքը պատվով կատարելու համար»,-ասել է նախագահը։

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան մայրաքաղաքի գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունից հետո «Սպիտակ աղմուկ» շարժման նախաձեռնությամբ սկսված «Հանուն իմ ազատության» խորագրով ակցիայի մասնակիցների դեմ կիրակի դուրս էին եկել ազգայնական «Երիտասարդ ազգային դաշինք», «Վրացիների քայլեթ» և մի շարք այլ կազմակերպությունների համախոհներ: Ստեղծված լարված իրավիճակը հարթելու նպատակով ոստիկանությունը կենդանի պատ էր կազմել՝ թույլ չտալով երկու տարբեր ակցիաների մասնակիցներին հայտնվել նույն տարածքում:

Թողնել պատասխան