Հանրային պաշտպանը պահանջում է հետաքննել հոգևորականների սեքսուալ գործողությունների փաստերը

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան պահանջել է հետաքննել վրաց հոգևորականների կողմից հնարավոր սեքսուալ գործողությունների փաստերը, որոնց մասին վերջերս շրջանառվում է տարբեր լրատվամիջոցներում։ 
Հիշեցնենք՝ նույնասեռական կապերում հոգևոր սպասավորների հնարավոր ներգրավվածության մասին սկսեցին խոսել մոտ մեկ շաբաթ առաջ։ Հոկտեբերի 31-ին նախկին միտրոպոլիտ Պետրե Ցաավան հանրայնորեն մեղադրեց Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդին՝ եկեղեցին նույնասեռական մեղքի տակ պահելու մեջ։ Հաջորդող օրերին համանման մեղադրանքներ հնչեցին նաև մի շարք այլ հոգևորականների հասցեին՝ այդ թվում նաև մանկապղծության թեմայով։

Ըստ օմբուդսմանի հայտարարության, որն այսօր է հրապարակվել, լրատվամիջոցների հրապարակումները քրեական տարրեր են պարունակում․

«Իրավապահ մարմիններին կոչ եմ անում հետաքրքրվել և քննություն սկսել՝ յուրաքանչյուր ինֆորմացիայի հետ կապված։ Ինչպես նաև կոչ եմ անում բոլոր այն անձանց, ում հայտնի է այս առումով որևէ տեղեկություն, անհապաղ այդ մասին հայտնել համապատասխան մարմիններին», -ասված է Նինո Լոմջարիայի հայտարարությունում։

Լոմջարիայի խոսքով՝ հանրային պաշտպանի գրասենյակը, պատշաճ կերպով արձագանքելու խնդրանքով արդեն դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն, Գլխավոր դատախազություն, Բռնի տեղահանվածների հարցերով և առողջապահության ու սոցիալական ապահվության նախարարություններ։

Աղմկահարույց հայտարարություններին՝ ԱԼԻՔԻ անդրադարձը։