Բակուրիանիում ձնահյուսի տակ մնացած քաղաքացու մարմինը հայտնաբերվել է

Վրաստանի Բորջոմիի մունիցիպալիտետի Բակուրիանի ավանում փրկարարները մարտի 31-ին հայտնաբերել են ձնահյուսի մեջ մնացած տղամարդու մարմինը։ Տեղեկությունը տարածում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Փրկարարները նախ հայտնաբերել են ձյունագնաց «Բուրանը», որով տեղաշարժվել է տղամարդը, ապա նրա հագուստը, վերջում՝ մարմինը։ Հայտնի է նաև ինքնությունը, Բակուրիանիի բնակիչ 48-ամյա Դիմիտրի Գոգոլաձեն ողբերգության օրը 6 մարդու հետ «Բուրանով» զբոսանելիս է եղել։ Նրա հետ մյուս անձինք փրկվել են. տեղափոխել են Ախալցիխե՝ փորձաքննության։

Ձնահյուսի տակ մնացած տղամարդու մասին տեղեկություն էր տարածվել մարտի 28-ին։ Դեպքը տեղի է ունեցել օրվա առաջին կեսին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, որոնողական աշխատանքներին ներգրավվել են մոտ 200 հրշեջներ, սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ, փրկարարական անօդաչու թռչող սարքեր, շներից կազմված ծառայություն և Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչներ։ Ինչպես հաղորդվել էր, որոնողական աշխատանքները որոշակի փուլերում խոչընդոտվել են վատ եղանակի, այդ թվում՝ ուժեղ քամու պատճառով։