Նախագահի հայտարարություններն անտեղի են. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից «սաբոտաժի շահը» բացահայտվել է, երբ Զուրաբիշվիլին վետո է դրել «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին:

Ըստ նրա՝ «Զուրաբիշվիլին վերջապես հաստատել է, որ իր միակ նպատակն ընտրությունները սաբոտաժ անելն է»։ Վարչապետն ասել է՝ նախագահի բոլոր հայտարարություններն անտեղի են:

«Կարծում եմ՝ ընտրությունների վերաբերյալ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարություններն անտեղի են՝ ելնելով նրանից, որ նա արդեն իսկ հետաքրքրություն է ցուցաբերել սաբոտաժի նկատմամբ, երբ վետո դրեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փակուղուց դուրս բերելու մասին օրենքի վրա»,- Հակակոռուպցիոն բյուրոյի տարեկան զեկույցի շնորհանդեսից հետո լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Լրագրողի հարցը վերաբերել է նախագահի դիրքորոշմանը՝ արտերկրում լրացուցիչ ընտրատեղամասեր բացելու անհրաժեշտության վերաբերյալ։ Վարչապետը հարցը չի մեկնաբանել։

Զուրաբիշվիլին ասել է, որ ինքը հանդիպումներ է անցկացնում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների հետ, և դեսպանները պատրաստակամություն են հայտնում աջակցել Վրաստանին ընտրությունների համար լրացուցիչ ընտրատեղամասեր բացելու հարցում։ Նախագահն ասել է, որ արտաքին գործերի նախարարությունն ակտիվ է այս ուղղությամբ։

Ուշագրավ է, որ Վրաստանի նախագահն օգտվել էր Սահմանադրությամբ տրված իրավունքից և մարտի 5-ին վետո է դրել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վրա։  Վրաստանի խորհրդարանն օրեր առաջ 78 ձայնով հաղթահարել էր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, որը դրվել էր «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վրա։ Վետոյի հաղթահարումից հետո փաստաթուղթն ուղարկվել էր Վրաստանի նախագահին՝ ստորագրման։ Փաստացի՝ Զուրաբիշվիլին հրաժարվել էր ստորագրել այն, ըստ այդմ՝ օրինագիծն իրավական կշիռ ստանալու համար ուղարկվել էր խորհրդարանի նախագահին՝ ստորագրման: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքը, այսպիսով՝ հաղթահարելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն: