«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեք ամսվա ընթացքում երկրորդ անգամ է հանդիպել Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևին. Ալիևն այն առաջնորդներից մեկ է, որ «Վրացական երազանք»-ին շնորհավորել է վիճելի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Հանդիպումը կայացել է ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
Կոբախիձեի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ հանդիպմանը մեկ անգամ ևս ընդգծվել է «երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման դրական դինամիկան, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները, ինպես նաև «մեկ անգամ ևս ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը»:
Հանդիպմանը մասնակցել են նաև «Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և «Վրացական երազանք»-ի կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Ալիևի վարչակազմն իր հերթին գրել է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել «երկու երկրների բարեկամական և ռազմավարական գործընկերությանը ու դրա պատմական բնույթին»։
Ըստ Ալիևի վարչակազմի, Կոբախիձեն հայտարարել է, որ Բաքվում Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ֆորումում նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած տեսակետները Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ «մեծ հետաքրքրություն են առաջացրել Վրաստանում»։
Իսկ ահա Ալիևն այդ ֆորումում տասնյակ օտարերկրյա փորձագետների առջև ասել է, թե «Եվրամիությունը Վրաստանին վերաբերվում է գաղութատիրության պես», «միջամտում է ներքին գործերին», «անտեսում է ժողովրդի կամքը»: Ալիևը Եվրահանձնաժողովի մոտեցումը Վրաստանի «ներքին գործընթացների» նկատմամբ «ամբողջովին անընդունելի» է անվանել:
«Նրանք փորձում են վրաց ժողովրդի կամքը դիտարկել գաղութատիրական անցյալի պրիզմայով: Դա բացարձակապես անընդունելի է: Վրացի ժողովուրդը գիտի, որ մենք իր հետ ենք, Վրաստանի կառավարությունը գիտի դա: Վրաստանի ներքին գործերը պետք է լուծի վրաց ժողովուրդը, ոչ թե Բրյուսելի բյուրոկրատները», — ասել է Ալիևը:
Ուշագրավ է նաև, որ «Վրացական երազանք»-ի ընտրած երկրի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Ադրբեջան։ Այցը տեղի կունենա ապրիլի 15-16-ը։
Իսկ ահա ապրիլի 11-ին Կղավելաշվիլին ընդունել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևին։