Շփման գծի մոտ ձերբակալված քաղաքացին վերադարձվել է

Զազա Գախելաձեին, ով ձերբակալվել էր շփման գծի մոտ, Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը ներում է շնորհել և Զազան վերադարձել է Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածք:

«Ես չէի սպասում, որ սա տեղի կունենա», — ազատ արձակվելուց հետո ասել է Գախելաձեն:

Գախելաձեին հայրենի գյուղ են ուղեկցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, մի շարք այլ պաշտոնատար անձիք և հոգևորականներ:

Լրագրողները Գախելաձեին հարցրել են նրա առողջական վիճակի մասին, քանի որ Գախելաձեն վիրավորվել էր ձերբակալման ընթացքում: Նրա խոսքով, իրեն լավ է զգում և առաջիկայում ավելի ընդարձակ մեկնաբանություններ կանի:

Հուլիսի 14-ին Բիբիլովը հրաման է տվել և ներում շնորհել Գախելաձեին, որն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Զազա Գախելաձեն ձերբակալվել էր 2020 թվականի հուլիսի 11-ին՝ Քվեմո Ճալա գյուղի հարակից տարածքում՝ շփման գծի մոտ: Նա մինչ այժմ գտնվում էր Ցխինվալիի բանտում:

Հունիսին Գախելաձեի ընտանիքի անդամները քայլերթ կատարեցին Քվեմո Ճալա գյուղում: Ընտանիքի անդամները նախապես ծրագրել էին բողոքի ցույց անցկացնել և փակել մայրուղին: Զազա Գախելաձեի հայրը հայտարարել էր, որ ինքը պատրաստվում է հատել «սահմանը» և հասնել այն բանտը, որտեղ գտնվում էր իր որդին:

Ավելի ուշ ընտանիքը չեղյալ հայտարարեց պլանավորված բողոքի ցույցերը, քանի որ Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը դիմել էր Ռուսաստանի պատրիարքարան՝ խնդրելով ներգրավվել Զազա Գախելաձեի ազատ արձակման մեջ: