Սամցխե-Ջավախեթիի նահանգապետը Գորելովկայում է

Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլին հանդիպել է Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչների հետ: Միջպետական ճանապարհն արդեն բաց է:

Նշենք, որ Գորելովկա գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի փակել էին Հայաստանի սահման տանող միջպետական ճանապարհը՝ պնդելով, որ այն կբացեն միայն նահանգապետի գալուց հետո:

«Ալիք մեդիային» ցույցի մասնակիցները հայտնել էին, որ գյուղացիները ջրի խնդրի լուծում են պահանջում, ճանապարհը չեն բացելու մինչև չժամանի շրջանի նահանգապետը:

«Մենք չենք վստահում տեղի իշխանություններին, դիմում ենք նաև վարչապետին, որ ինքն անձամբ հետևի այս հարցի լուծմանը», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում վիճաբանություն էր եղել գյուղի բնակիչների և Նինոծմինդայի շրջանի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) նախագահի միջև, որն ավարտվել է ծեծկռտուքով:

Գյուղի բնակիչներն ասում են, որ ջրի խնդիր ունեն, ինչին ի պատասխան Նինոծմինդայի շրջանի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) նախագահ Սումբատ Կյուրեղյանը վստահեցնում է, որ Գորելովկա գյուղը ջրի խնդիր չունի, և ամբողջ կոնֆլիկտը սկսվել է առանձին մարդկանց ամբիցիաների հետևանքով: