Կոբախիձեն հուսով է՝ նախագահը կարմիր գիծը չի հատի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր, այժմ անազատության մեջ գտնվող Նիկա Գվարամիային ներում շնորհի, ապա դա նշանակի, որ ինքը համամիտ է Գվարամիայի գնահատականին:

Կոբախիձեն հույս է հայտնել, որ նախագահը Գվարամիային ներում չի շնորհի: Կոբախիձեն նշել է, որ նախագահն ունի որոշակի կարմիր գիծ, ինչը շատ լավ է, և իրենք հուսով են, որ այդ կարմիր գիծը չի հատի:

«Եվս մեկ անգամ կրկնեմ. հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Գվարամիան դիմում Սալոմե Զուրաբիշվիլիին, երբ Զուրաբիշվիլին նախագահի թեկնածու էր։ Մի բառը ես հիշում եմ, մյուսը` պարզապես էթիկական նկատառումներից ելնելով, չեմ հիշեցնում։ Նրան ռեզիդենտ էր անվանել։

Եթե ​​Սալոմե Զուրաբիշվիլին ներում շնորհի Գվարամիային, ապա կստացվի, որ համաձայն է Գվարամիայի գնահատականի հետ»,- ասել է Կոբախիձեն։