Կոչ են անում դադարեցնել ԱՄՆ-ի ու Եվրամիության դեմ զրպարտչական արշավը

Վրաստանի խորհրդարանական 48 ընդդիմության ներկայացուցիչներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի` դատապարտում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության զրպարտչական և ապատեղեկատվական արշավը արևմտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի ու Եվրոպական միության դեմ։

Ընդդիմադիրները դիմել են «Վրացական երազանք»-ին` կոչ անելով անհապաղ դադարեցնել Վրաստանի ռազմավարական գործընկերների դեմ վերոհիշյալ զրպարտչական և ապատեղեկատվական արշավը։

«Մենք ճանաչում ենք ԱՄՆ-ի և Եվրամիության մեծ վաստակը Վրաստանի պետականության պահպանման գործում՝ 1991 թվականի ապրիլի 9-ի անկախության վերականգնումից մինչև այսօր, նրանց մեծ օգնությունը մեր երկրի զարգացման գործում և մեր ժողովրդի՝ արևմտյան քաղաքակրթության լիիրավ ներկայացուցիչ դառնալու ձգտումը։ Մենք կրկնում ենք վրաց ժողովրդի ընդգծված կամքը՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին, որն արտացոլված է Վրաստանի Սահմանադրության մեջ»,- նշված է հայտարարության մեջ։

Ընդդիմադիրների խոսքով՝ 2022 թվականի հուլիսի 27-ին հրապարակված Վրաստանի նախկին վարչապետ, իշխող ուժի հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նամակը, որում նա հաստատում է 2022 թվականի մարտի 21-ին ԱՄՆ դեսպան տիկին Քելլի Դեգնանի նախաձեռնությամբ իրենց հանդիպումը, սակայն ոչինչ չի ասում, թե այդ հանդիպման ընթացքում ինչ զրույց է տեղի ունեցել՝ հաստատում է «Վրացական երազանքի» վերը նշված ուղերձը, թե իբր` Արևմուտքը  ցանկանում է Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ:

«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանում ԱՄՆ դեսպան տիկին Քելլի Դեգնանին և ԵՄ նախկին դեսպան պարոն Կարլ Հարցելին։ Մենք բարձր ենք գնահատում նրանց քրտնաջան աշխատանքն ու ջանքերը՝ օգնելու Վրաստանին արևմտյան ինտեգրման ճանապարհին»,- նշված է հայտարարության մեջ։