«Կորոնավիրուսային պատումներ». 2020-ի «բարիքների» ու մեր անելիքների մասին

Երկու հազար քսան թվականից փոխվեց ամեն ինչ… Առօրյա խնդիրներով, ձեռքբերումներով և կորուստներով մեր միապաղաղ կյանքը, որը ձանձրալի էր թվում բոլորիս և  որից  դժգոհ էինք գրեթե ցանկացածս, դարձավ մեզ համար երանելի։ Վրա հասավ չարաբաստիկ թագանման վիրուսը և մեզ համար «գորշ» թվացող կյանքը իրականում կորցրեց իր բոլոր երանգները։ Աշխարհը չէր սպասում նրան, սակայն, նա եկավ, իր հետ բերելով՝ սարսափ, խուճապ, ցավ և կորուստներ։

Ի պատասխան ագրեսիվ և անկանխատեսելի «թագուհուն», աշխարհը սկսեց նոր կարգերով ապրել. սահմանափակումներ, կարանտին։ Ի սկզբանե ոչ բոլորը գիտակցեցին վիրուսի վտանգը,  ինչու ոչ, նաև գոյությունը, սակայն, հսկայական վարակի ալիքը և մահացության թվերը մարդկանց ստիպեցին գիտակցել իրավիճակի ողջ լրջությունը՝ այն ինչ, արդեն ուշ էր։

Մենք սկսեցինք ապրել վախի և խուճապի մեջ՝ ցավալիորեն գիտակցելով, որ եթե նույնիսկ մենք՝ երիտասարդներս, կարող ենք հաղթահարել վիրուսը, ցավոք դա չեն կարող անել ռիսկային գոտում գտնվող մարդիկ՝ մեր տատիկ-պապիկները, կամ ուղղակի մարդիկ,  ովքեր ունեն առողջական այլ խնդիրներ։

Եվ այսպես, կյանքը շարունակվեց և մենք պետք է ադապտացվեինք նոր կանոններին՝ «մնա՛ տանը», «կրի՛ր դիմակ»,  «սոցիալական հեռավորության» և այլն։ Փակվեցին սահմանները, այնուհետև ժամանցի վայրերը և նույնիսկ ուսումնական հաստատությունները։ Մեր բոլորիս կյանքում սկսվեց նոր փուլ։

Ես սովորում էի Հայաստանում՝ Վանաձորի պետական համալսարանի՝ բնական գիտություններ ֆակուլտետի՝ կենսաբանություն բաժնում, արդեն վերջին կուրսում։ Այդ ժամանակ սկսվել էր մեր ուսումնական պրակտիկան,  որի պատճառով հաճախակի գնում-գալիս էի Հայաստան, իսկ ճանապարհը աննկարագրելի հոգնեցուցիչ էր թվում ինձ, իսկ այսօր երազանքի է վերածվել այդ ճանապարհով գեթ մեկ անգամ գնալ այդքան կարոտած Հայաստանս։

Ելնելով իրավիճակից՝ ուսումը դարձավ հեռավար, որը նոր ձևաչափ էր բոլորիս համար։ Չնայած մեծ դժգոհությունների, հեռավար ուսուցումը՝ իմ կարծիքով, տվյալ պարագայում ուսման համար հիանալի լուծում էր։

Կարանտինի ընթացքում մեզ տրվեց երկար ժամանակ և շատ հարցեր սկսվեց շրջանառվել իմ գլխում։ Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում առաջնայինը՝ առողջությունն է։ Եթե մարդն առողջ է, նա կարող է սովորել, մոտիվացվել, աշխատել և հասնել այն ամենին, ինչին ձգտում է։

Անչափ երկար կարելի է խոսել կորոնավիրուսի և այն էմոցիաների մասին,  ինչը ստիպեց մեզ զգալ այդ չարաբաստիկ թագանման վիրուսը, սակայն, ինչպես կյանքի ցանկացած պարագայում, այնպես էլ հիմա՝ կա խնդիր, կա նաև լուծում։ Դրա համար յուրաքանչյուրիցս պահանջվում է լինել պատասխանատու ինչպես սեփական, այնպես էլ դիմացինի առողջություն համար։

Այժմ մեր կյանքը բաժանվել է երկու փուլի՝ մինչ պանդեմիան և նրանից հետոն։ Վստահ եմ,  որ կհաղթահարենք կորոնավիրուսը և բոլորիս կյանքը կանցնի բնականոն հունի,  բայց շատ կցանկանայի, որ սկսենք գնահատել այն ամենն ինչ ունենք։

Ուզում եմ՝  փողոցով անցնելիս մարդկանց դեմքին ժպիտ տեսնել, այլ ոչ՝ դիմակ, փակ սահմանների փոխարեն՝ ճանապարհորդողների մեծ խմբեր, որդուն կարոտած ծնողի թախծոտ աչքերում՝ ծով հանգստություն, իսկ օր ու գիշեր ծանր աշխատանքի համար բոլոր-բոլոր բուժաշխատողներին հայտնել ամենամեծ երախտապարտությունս։

Եկե՛ք բոլորս սիրենք կյանքը,  որպեսզի այն դառնա էլ ավելի գունեղ,  գնահատենք ամեն մի վայրկյանը,  ձգտենք,  հասնենք ավելիին և իհարկե առողջ լինենք։

Վերգինե Մկրտումյան, 25 տարեկան

Մառնեուլի շրջան, գյուղ Ախքյորփի

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: