Կորոնավիրուսային պատումներ. Առողջության գինը

Առողջությունը չեն գնահատում,

քանի չի գալիս հիվանդությունը։

Թոմաս Ֆուլլեր

Կարանտին, պարետային ժամ, տուգանքներ, հեռավար ուսուցում, վակցինացիա․ այս ամենը կարող ենք վերնագրել մեկ բառով՝ կորոնավիրուս։

  2019 թվականի դեկտեմբեր ամիսն էր։ Արթնացա ու սովորականի նման սկսեցի հավաքել տունը։ Հանկարծ հեռուստացույցով լսեցի, որ Չինաստանում անհայտ վիրուսով վարակվել է 70-ից ավելի մարդ և մահացել՝ 18 հոգի։ Սկզբում մտածեցի, որ սովորական վիրուս է, բայց հոգուս խորքում ինչոր տագնապ զգացի։ Պարզվեց տագնապի զգացումս տեղին էր։

  Անհայտ վիրուսը վայրկյան առ վայրկյան մեծ թափով տարածվում էր, մարդիկ խուճապի էին մատնվել։ Համացանցը թնդում էր ահասարսուռ ու կեղծ տեղեկություններով։

  Եկավ այն պահըերբ կորոնավիրուսը հասավ Վրաստան։ Կարծեմ մարտ ամիսն էր։ Հասնելով Վրաստան վիրուսն իր ազդեցությունն ունեցավ բոլորիս վրա։ Առաջին հերթին երկրում փակվեցին ուսումնական հաստատությունները։ Եվ ահա, սկսվեցին բոլորիս համար այդքան անծանոթ ու անհնարին թվացող օնլայն դասերը։ Սկսվեց մեր առաջին օնլայն դասը։ Շփոթված էինք ինչ խոսք, բայց ամեն ինչ լավ անցավ ու այդքան տարօրինակ թվացող օնլայն դասերը դարձան սովորական երևույթ։

  Ես ավարտական դասարանի աշակերտուհի էի։ Անհամբեր ու սրտատրոփ սպասում էի Վերջին Զանգին, բայց վիրուսը իր հետքերը այդտեղ էլ թողեց։ Արգելվեց դպրոցնրում անցկացնել Վերջին Զանգի արարողություն։ Շատ տխրեցի։ Չկարողացանք մեզ համար այդքան հարազատ դպրոցին և ուսուցիչներին ինչպես հարկն էր հրաժեշտ տալ, բայց դա էլ անցավ։ Եկան Միասնական Ազգային Քննությունները։ Քանի որ վիրուսը ակտիվորեն գործում էր, քննության մասնակիցներին ջերմաչափելուց հետո էին թողնում ներս։ Երբ հերթը հասավ ինձ` պարզվեց ջերմություն ունեմ։ Ես շատ  էի վախեցել, սակայն աշխատակիցները շատ բարի ու հոգատար էին։ Մի փոքր հանգստանալուց հետո, բարեբախտաբար, ջերմությունս կարգավորվեց և ինձ թույլատրեցին մասնակցել քննությանը։ Դա էլ անցավ։

  Մոտեցավ առաջին ուսանողական օրը։Միշտ սրտի թրթիռով սպասում էի այդ օրվան, բայց պարզվեց, որ ամբողջ ուսումնական տարին պետք է սկսվի և շարունակվի հեռավար կարգով։ Կրկին տխրեցի, բայց դա էլ անցավ, իհարկե եղան փոքրիկ դժվարություններ կապված ինտերնետի և ինձ համար անծանոթ <>-ի հետ ։

  Վիրուսը մեծ թափով տարածվում էր մեր երկրում և երևի իմ կողքով էլ անտարբեր չանցավ։ Օգտագործեցի երևի բառը նրա համար, որ ես ունեի կորոնավիրուսի բոլոր ախտանիշները՝ հազ, ջերմություն, ընդհանուր թուլություն, համի-հոտի զգացողության կորուստ, սակայն չեմ դիմել բժշկի և չեմ հանձնել COVID թեստ, փորձել եմ բուժվել տան պայմաններում, որը տևեց մեկ ամիս։ Իհարկե, վարակեցի նաև իմ ընտանիքի անդամներին, բայց, բարեբախտաբար, բոլորս բուժվեցինք և դա էլ անցավ։

  Վիրուսը հիմա էլ ակտիվորեն գործում է։ Երկրում կան մի շարք սահմանափակումներ։ Սահմանափակումներից մեկը պարետային ժամն է, որին շատերը դեմ են, բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ եթե չլինեն սահմանափակումներ, ապա ամեն ինչ ավելի վատ կվերջանա։

  Առողջությունը մարդու կյանքում ամենակարևոր բանն է և մենք պետք է այնպես ապրենք, որ չկորցնենք այդ գանձը։

Աննա Ժամկոչյան, 19 տարեկան

Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղ

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: