Կորոնավիրուսային պատումներ. Մղձավանջի ու հաջողությունների միջև

2019 թվականի վերջին լուրերով պատահաբար լսեցինք Չինաստանում հայտնաբերված մի նոր վիրուսի՝ Կորոնավիրուսի մասին։ Սկզբում այդքան էլ լուրջ չնայեցինք այդ ամենին՝ մտածելով, որ չնչին վիրուս է, արագ կանցնի։

Բայց երբեք չէինք կարող պատկերացնել, որ այդ «չնչին» վիրուսը լայն տարածում կունենա ամբողջ աշխարհում և իր մեծ հետքը կթողնի մարդկության գործունեության և ամենակարևորն է՝ ճակատագրի վրա։ Մինչ Կորոնավիրուսի Վրաստան «այցելելը» մենք արդեն բավականաչափ տեղեկացված էինք, թե ի՞նչ է Covid 19-ը, ինչպե՞ս է այն տարածվում, որո՞նք են նրա ախտանշանները, և ի՞նչ ազդեցություն է այն թողնում մարդու օրգանիզմի վրա։ Նաև լավ տեղեկացված էինք աշխարհում վարակը տարածված երկրների և մահերի թվի մասին, ինչը տագնապ էր առաջացրել մեզ մոտ։ Սակայն սարսափելին եղավ այն, որ մենք իմացանք Վրաստանում Covid 19-ով առաջին վարակման դեպքի մասին։ Դրանից հետո սկսվեց կարանտինային ռեժիմը և էլի շատ ու շատ խիստ սահմանափակումներ։

Ինձ համար կարանտինը ուներ իր թե՛ լավ, և թե՛ վատ կողմերը։ Վատ կողմերից առաջնայինն այն էր, որ մենք անցանք հեռավար ուսուցման։ Կարող եմ վստահ ասել, որ մենք չէինք ստանում այն նույն մակարդակի գիտելիքներ, որը ստանում էինք դպրոց հաճախելով, իսկ յուրացնելն էլ բավականաչափ դժվար դարձավ։ Չէինք կարող դուրս գալ տանից, հանդիպել մեր ընկերներին ու հարազատներին, լավ ժամանակ անցկացնել։

Վերոնշյալն ուներ նաև շատ դրական կողմեր։ Նախ և առաջ ես սկսեցի շատ ժամանակ հատկացնել ընտանիքիս, և կարծես թե ընտանիքիս յուրաքանչյուր անդամին սկսեցի նորովի բացահայտել։ Սկսեցի գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, ուսումնասիրում էի տարբեր նյութեր, որոնցով էլ հարստացնում ու զարգացնում էի իմ գիտելիքները։ Սկսեցի նաև խորացված ուսումնասիրել ու նոր բաներ սովորել իմ ապագա մասնագիտության՝ լրագրության մասին:

Թեև 2020 թվականը շատ ծանր ու դժվարին տարի էր բոլորիս համար, այնուհանդերձ դա ինձ չխանգարեց աշխատել ու հասնել հաջողությունների։ Ես մասնակցեցի մի շարք օնլայն մրցույթների և նախագծերի, որոնցից մեկի ժամանակ որպես կանոն պատրաստեցի մի հոլովակ Covid 19-ի վերաբերյալ, որը մեծ արձագանքի ու հավանության արժանացավ և ես պարգևատրվեցի բազում նվերներով և պատվոգրերով, ինչն ինձ համար մի նոր կյանքի սկիզբ էր։

Կորոնավիրուսի հետ ապրելը չափազանց դժվար էր։ Կարծես՝ լինեինք մի մեծ մղձավանջի մեջ, որը չուներ ավարտ (փառք Աստծո, ես մինչ այսօր չեմ վարակվել կորոնավիրուսով)։ Ես չգիտեմ, թե այս մղձավանջը երբ կավարտվի, բայց հույս ունեմ, որ շուտով ամեն բան առաջվանը կլինի։ Ես որոշել եմ, որ հենց այս ամենը ավարտվի ու սահմանները բացվեն, գնալու եմ Հայաստան, ավելի կոնկրետ՝ Եռաբլուր, և իմ հարգանքի տուրքը մատուցեմ մեր զոհված հերոսներին, քանի որ այն ինչ եղավ մեր ազգի հետ վերջին ամիսների ընթացքում, ուղղակի անբացատրելի էր։

Այս մղձավանջային մեկ տարին ուներ նաև իր մեծ ուսուցանող կողմերը, որոնցից ես շատ բաներ հասկացա։ Նախ և առաջ հասկացա, որ ամենամեծ ուշադրությունը, ջերմությունն ու սերն ընտանիքում է, և առհասարակ ընտանիքը դա ինքնին սեր է։ Պետք չէ ափսոսալ արած գործերից ու ասված խոսքերից, ընդհակառակը՝ պետք է ափսոսալ չարածից ու չասվածից։ Պետք է գնահատել յուրաքանչյուր վայրկյանը, կյանքն այնքան կարճ է միմյանց հետ գժտվելու և միմյանց հանդեպ չարությամբ լցվելու համար։ Պետք է սիրել ու գնահատել այն մարդկանց, ովքեր ամենածանր ու ամենադժվարին պահին մեր կողքին են, կլինի բարեկամ, ընկեր, ընտանիքի անդամ, հարևան․ պետք է սիրել ու փայփայել նրանց։ Պետք է սիրել, շա՜տ սիրել և այդ սերը տարածել ամբողջ աշխարհով, չէ՞ որ միայն սիրով ու բարությամբ կարելի է հաղթել թշնամուն և նույնիսկ՝ «անտեսանելի» թշնամուն։

Վարսենիկ Բաղդասարյան

Ծալկայի շրջանի Դարագյուղի Հանրային Դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: