Կորոնավիրուսային պատումներ. Օնլայն դասի մասին

Չգիտեմ, թե ինչպե՞ս սկսեմ գրել այն չարաբաստիկ օրվա մասին, երբ հայտարարեցին հեռավար դասերի մասին, և ոչ թե ակամա այլ կամա արցունքներ էին հոսում իմ աչքերից։ Ոմանք ուրախ էին, ոմանց աչքերն էլ չէին  ցամաքում։ Հենց առաջին օրվա դասն անվերջանալի էր թվում, ոչ մեկիս մոտ չկար այն երջանկությունն ու զգացմունքները, որն ունեինք դպրոցում… ասես մի քարե բեկոր լինեինք` ոչինչ չէինք զգում, ուղղակի գիտեինք մի բան՝ անտանելի ցավոտ էր։ Անգամ դասին նստած արցունքն էր պատում մեր աչքերը…. Եղանակն արևոտ էր, բայց մեր հոգում անձրևում էր։ Արդեն բոլորիս սրտում նույն վշտի ու ցավի զգացումն էր։ Բոլորս ատում էինք այն թագավարակը, որը պատեց մեզ։ 

Ճիշտ են ասում` կորցնելուց հետո ենք գնահատում ունեցածը։ 

Երեք ամիս առաջ

Դեռ երեկ ուշացած վազում էինք դպրոց, իսկ այսօր`  համակարգչի մոտ  նստելու կամ  հեռախոսը միացնելու , որ մասնակցենք  դասին։ Դասին նստած սկսում էինք միմյանց հետ շշուկով խոսել ու գնալով այդ շշուկը դառնում էր մի մեծ աղմուկ մինչև, որ ուսուցիչը բարկանում էր, որպեսզի լռենք, իսկ հիմա ուղղակի հաղորդագրություն ենք գրում իրար։ Եթե ուսուցիչը երկու րոպեի ընթացում չէր գալիս վազում էինք դուրս` խաղալու, իսկ հիմա պետք է սպասենք այնքան մինչև զանգի։ Ընդմիջումներին դպրոցում աղմուկն այնքան շատ էր, որ թվում էր, թե դպրոցը կպայթի,  մեկը մյուսի հետ զբոսնում էին, խաղում, վազվզում դպրոցի միջանցքում և երբեմն բախվում ուսուցիչներին ու ամոթից կարմրած, բայց և ծիծաղը դեմքին ներողություն խնդրում  ապա  նորից շարունակում։ Հիմա նույնիսկ ընդմիջումն ենք ատում, երբ ուղղակի պետք է նստենք ու սպասենք, թե ե՞րբ են զանգելու։ Երբ դասերը վերջացրել էինք ու պետք է տուն գնայինք պատճառներ հորինելով երկարեցնում էինք ժամանակը ` հաճախ խնդրում, որ էլի մնանք…. տուն գնալ չէինք ուզում, հիմա ընդմիջումի զանգից անմիջապես հետո դուրս ենք գալիս, որ այս օրն էլ անցնի և մի գուցե վաղը ճակատագիրը մեզ ժպտա… Ու այդպես էլ մենք ամեն պահ սպասում էինք ճակատագրի ժպտալուն։ Երբ դասը չէինք հասցրել սովորել  վախենում էինք ուսուցչուհուն ասել այդ մասին մտածում էինք կբարկանա մեզ չի հասկանա։ Հիմա ցանկանում ենք, որ ջղայնանան, գոռան մեզ վրա, բայց դպրոցում լինենք ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՕՋԱԽՈՒՄ, ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՆԸ։

Մեր օրեր

Երանի էինք տալիս այն օրերին, երբ ծանր պայուսակներով ուշացած վազում էինք դպրոց։ Մեր կյանքը նորից երջանկությամբ լցվեց, երբ իմացանք, որ գալու ենք դպրոց և ոչ թե օրերն էինք հաշվում այլ ժամերն ու վայրկյանները։ Հիմա դպրոցում ենք. նորից  վազվզում ենք երեխանների հետ ու շնորհակալ լինում այսքան մեծ երջանկության համար, որ մեզ պարգևեց Աստված։

Գնահատեք քանի չեք կորցրել կորցնելուց հետո զղջման ցավը մեծ է։ Գնահատեք քանի կա ժամանակ…

Գնահատեք կյանքում ամեն ինչ…

Լիլիթ Արզումանյան, 14 տարեկան

Մառնեուլիի շրջան, գ. Խոժոռնի

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: