Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը

Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը։ Այդ մասին տեղեկացրել են նրա ընտանիքի անդամները՝ նշելով, որ մահվան պատճառը կորոնավիրուսի հետևանքով ծագած բարդություններն են եղել։

Ամերիկացիներին ու Փաուելի ընտանիքի անդամներին իրենց ցավակցություններն են հղել Վրաստանի իշխանությունները։

«Ես խորապես վշտացած եմ գեներալ Քոլին Փաուելի մահվան լուրից: Իսկական պաշտպան, պարկեշտության և արժանապատվության մարմնացում, Ամերիկայի հայրենասերն ու Վրաստանի մեծ բարեկամը լքեց մեզ։ Ցավակցություններս եմ հայտնում Փաուելի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին»,- թվիթերյան իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս գրառում է կատարել այս առթիվ` նշելով, որ Փաուելի մահը մեծ կորուստ է համաշխարհային դիվանագիտության համար.

«Փաուելի գործունեությունը փայլուն օրինակ է երիտասարդ սերունդների համար, ովքեր փորձում են աշխարհն ավելի ապահով դարձնել»։

Իր ցավակցությունն է հղել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան․

«Ես խոր վշտով տեղեկացա նախկին պետքարտուղար, մեծ քաղաքական գործիչ և դիվանագետ, գեներալ Քոլին Փաուելի մահվան մասին: Նա իսկական հայրենասեր էր, ով երբեք ջանք չէր խնայում ազատության համար: Ցավակցում եմ նրա ընտանիքին, ընկերներին և ամերիկացի ժողովրդին»։

Նշենք, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը մահացել է հոկտեմբերի 18-ին, նա 84 տարեկան էր։

Քոլին Փաուելը Պետդեպարտամենտի ղեկավար էր նշանակվել 2001-ին՝ այդ պաշտոնում աշխատելով Ջորջ Բուշի առաջին նախագահական ժամկետի ողջ ընթացքում՝ մինչև 2005 թվական հունվար։ Փաուելը դիվանագիտական ծառայություն էր եկել բանակից։ 1989-ից 1993 թվականներին նա զբաղեցնում էր ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի ղեկավարների միասնական կոմիտեի պետի պաշտոնը։ Այս պաշտոնում Փաուելը աչքի էր ընկել Իրաքի նկատմամբ 1991-ին՝ Ծոցի առաջին պատերազմում տարած հաղթանակով։ Դրա ընթացքում ԱՄՆ բանակը, դաշնակիցների հետ միասին, հաշված օրերի ընթացքում իրաքյան զորքերը դուրս էր մղել Քուվեյթի տարածքից։

Տաթև Խոցանյան,  «Ալիք մեդիայի» ստաժոր