Շաբաթվա վրացական խճանկարը

«Ալիք մեդիան» առաջարկում է ծանոթանալ Վրաստանում շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին: Այսպիսով՝

  • Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի առաջին տարեկան զեկույցում, որը հունիսի 3-ին ներկայացվեց խորհրդարանի բյուրոյին, ասվում է, որ  2019-2020 թվականներին երկրում նվազագույն կենսաթոշակը նորից բարձրացնելու նպատակով կհատկացվի 600 մլն լարի: Մասնավորապես, 2019-ին այդ նպատակով հատկացվել է 200 մլն, իսկ 2020-ին՝ 400 մլն լարի: Վրաստանում կենսաթոշակը 2019 թվականին 20 լարիով ավելացավ: 2020 թվականին նույնպես 20 լարիով կենսաթոշակի ավելացում է նախատեսվում:
  • Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորած պատվիրակությանը այցելեց Կախեթիի տարածաշրջանի Սաբաթլո գյուղ, որը վրաց-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող միակ հայաբնակ գյուղն է: Մինչ այդ Կախեթիի մարզկենտրոն Թելավիում դեսպանը հանդիպում ունեցավ Կախեթիի նահանգապետ Իրակլի Քադագիշվիլիի հետ:
  • ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 73-րդ նիստին ևս մեկ անգամ ընդունեց Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Հայաստանը, որը ամեն տարի բանաձևի դեմ էր քվեարկում, այս տարի առաջին անգամ չմասնակցեց քվեարկությանը: ՄԱԿ-ի ասամբլեայի նիստին Հայաստանի դիրքորոշումը վրացական մամուլում և սոցցանցերում լայն տարածում ստացավ:
  • Հունիսի 6-ին Ախալքալաքի կենտրոնում բնակիչների և պարեկային ոստիկանության աշխատակիցների միջև միջադեպ էր տեղի ունեցել: Ըստ jnews լրատվականի` ականատեսներն ասել են, որ ոստիկանները ուժ են կիրառել երկու քաղաքացու նկատմամբ: Վրաստանի ներքին գործերի  նախարարության տեղեկատվությամբ, ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու համար ձերբակալվել էին երկու քաղաքացի, որոնք ստորագրությամբ ազատ են արձակվել:
  • Վրաստանի ներքին գործերի նախարարության պատրաստած օրինագծի համաձայն` փոխվում է վարորդական իրավունքի քննության վճարը: Տեսական մասի գրանցման վճարը 40 լարիի փոխարեն կդառնա 20 լարի: Օրինագծի համաձայն, B կատեգորիայի տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք ձեռք բերելու համար գործնական քննության առաջին փուլին մասնակցելու արժեքը կկազմի 40 լարի, իսկ երկրորդինը՝ 90 լարի:
  • Արմատներով Վրաստանի Ախալքալաք քաղաքից, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին հունիսի 6-ին Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել Վրաստան մտնել: Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում հայտնեց, որ վրացական կողմն այս հարցի առնչությամբ դեռևս որևէ մեկնաբանություն չի արել: