Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար. Թուրքիայի դեսպանատուն

Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը հերքում է Հայաստանի բեռնատարների համար սահմանը բացելու մասին լուրը։ «Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», — «Ալիք մեդիային» ասել է Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մամուլի ներկայացուցիչը։

Վերջին օրերին ակտիվորեն տարածվում էին թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե Թուրքիան Հայաստանի բեռնատարների համար բացել է սահմանը։

Մասնավորապես թուրքական հայտնի Haberturk պորտալը Թուրքիայում գործող այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (որը սովորաբար հանդես է գալիս Հայոց ցեղասպանության մասին փաստերը հերքող արշավներով) ղեկավար Գյոքսել Գյուլբեյին հղումով, գրել էր, թե Անկարան թույլ է տվել տարեկան 400 հայկական բեռնատարի Տրապիզոնի նավահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել: Հաղորդվել էր, որ նման թույլտվություն է տրամադրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

Թուրքիան 1993 թ. միակողմանի փակել է Հայաստանի հետ ցամաքային և օդային սահմանը: Օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, սակայն ցամաքային ճանապարհի բացման համար Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ՝ անտեսելով 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորվել է ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: