Փոփոխություններ վարորդական իրավունքի քննություններում

Վրաստանի ներքին գործերի նախարարության պատրաստած օրինագծի համաձայն` փոխվում է վարորդական իրավունքի քննության վճարը: Տեսական մասի գրանցման վճարը 40 լարիի փոխարեն կդառնա 20 լարի:

Ինչ վերաբերում է գործնական քննությանը, ապա այն կիրականացվի երկու փուլով և յուրաքանչյուր փուլի վճարը հաստատվում է իրարից անկախ:

Օրինագծի համաձայն, B կատեգորիայի տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք ձեռք բերելու համար գործնական քննության առաջին փուլին մասնակցելու արժեքը կկազմի 40 լարի, իսկ երկրորդինը՝ 90 լարի:

Գործնական քննության առաջին փուլը կանցկացվի փակ տարածքում, որի հաջող հանձնումից հետո, երկրորդ փուլը կանցկացվի իրական երթևեկության պայմաններում:

Օրինագծի համաձայն փոփոխության է ենթարկվում նաև նվազագույն տարիքային շեմը: Մինչև 18 տարեկան անձինք հնարավորություն չեն ունենա A1 մոտոցիկլի և B կարգի տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք ստանալ: Գործող օրենքի համաձայն` նվազագույն տարիքը 17 տարին է: