Կորոնավիրուսի կասկածանքով չինացի երեխաները հետազոտվում են Թբիլիսիում

Վրաստանի Գուդաուրի հանգստավայրից ժամեր առաջ Թբիլիսի տեղափոխված 2 չինացի երեխաները հետազոտվում են Թբիլիսիի Վարակային պաթոլոգիայի, ՉԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնում: Նախնական տվյալներն արդեն հայտնի են՝ երեխաները վարակված են Վրաստանում տարածված «Ա» տիպի վիրուսով, չնայած 12-24 ժամվա ընթացքում վերջնականապես պարզ կդառնա՝ արդյո՞ք հիվանդ են կորոնավիրուսով:

«Ալիք Մեդիան» զրուցել է կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հետ:

«Այս պահին հետազոտություն է անցնում Չինաստանի 2 անչափահաս քաղաքացի, ինչպես նաև մեկ 24-ամյա Վրաստանի քաղաքացի: Երեքի դեպքում էլ կարճ ժամանահատվածում անհրաժեշտ միջոցներ են կիրառվել։ Ոչ մեկի դեպքում չի հաստատվել թոքերի բորբոքում: Քանի որ թոքերի բորբոքումը կորոնավիրուսի հիմնական նշաններից մեկն է, մեծ հավանականությամբ նրանք այս վարակով չեն հիվանդ: Չնայած սա դեռ հաստատված չէ, հետազոտությունը շարունակվում է, վերջնական պատասխանը դեռևս հայտնի չէ: Նախնական տվյալներով նվազել է հավանականությունը, որ նրանք վարակված են կորոնավիրուսով:

Հատկանշական է, որ չինացի երկու երեխաների դեպքում հաստատվել է «Ա» տիպի վիրուս, որն այս սեզոնին տարածված է Վրաստանում: Վրաստանի 24-ամյա քաղաքացին գրիպի վիրուսով վարակված չէ: Մինչև 20 հիվանդ հետազոտվում է, կորոնավիրուսը բացառելու համար մեզ պետք է 12-24 ժամ, այդ պատճառով դեռևս ներկայացնում ենք նախնական տվյալները»,-«Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է վարակային պաթոլոգիայի, ՉԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Հիշեցնենք, որ Չինաստանի 9 քաղաքացուց բաղկացած զբոսաշրջիկների խումբը, որոնց շարքում երկու բարձր ջերմությամբ երեխաներ կան,  հունվարի 21-ին տեղափոխվել են Բաքու, ինչից հետո հունվարի 25-ին հատել են Վրաստանի սահմանը: