Կոռուպցիայի ցածր մակարդակով Վրաստանն առաջինն է տարածաշրջանում

Վրաստանը տարածաշրջանում «կոռուպցիայի ցածր մակարդակի» կարգավիճակ ունի: Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ այս մասին նշված է աշխարհի առաջատար վերլուծական կենտրոնի՝ շվեյցարական Global Risk Profile (GRP) կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի համաշխարհային ինդեքս 2023» զեկույցում։

Վրաստանը համաշխարհային վարկանիշում առաջադիմել է 2 տեղով և այժմ զբաղեցնում է 43-րդ տեղը՝ 196 երկրների շարքում: Սևծովյան տարածաշրջանում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում Վրաստանը ​​զբաղեցրել է առաջին տեղը՝ «կոռուպցիայի ցածր մակարդակի» կարգավիճակով։ Վրաստանը նշված տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի «կոռուպցիայի ցածր մակարդակի» կարգավիճակ։

«Կոռուպցիայից ազատվելու առումով Վրաստանը գերազանցել է ԵՄ անդամակցության բոլոր թեկնածու պետություններին, Եվրամիության և ՆԱՏՕ–ի անդամ 8 երկրների։

Կոռուպցիայի համաշխարհային ինդեքսը (GCI) հաշվարկելու համար դիտարկվել է 6 ցուցանիշ, որից 4-ն ուղղված է կոռուպցիային, իսկ 2-ը՝ ֆինանսական հանցագործություններին»,- նշված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ: