Կրամերը Կոբախիձեի հայտարարությունն ամոթալի է որակել

ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Կրամերն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի այն հայտարարությանը, թե Ուկրաինայում Ռուսաստանի գերազանցության ֆոնին Վրաստանի պատերազմին ներգրավվելու նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է:

Կրամերը Կոբախիձեի այս հայտարարությունը ամոթալի է որակել: «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Կրամերը նշել է, որ այս խոսքերը հնչում են այնպես, կարծես «Կոբախիձեն ուրախանում է Ռուսաստանի հաղթանակի համար, իսկ դա ամոթալի է»։

«Ես ասել եմ ի սկզբանե, որ ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի փորձում Վրաստանին ներքաշել ռուս-ուկրաիանկան պատերազմի մեջ։ Այլ երկրներում պատերազմի տարածումը վերջին բանն է, որ ցանկանում է ԱՄՆ-ը: Սա այնքան ծիծաղելի հայտարարություն է, որ նա պետք է ամաչի ինքն իրենից և դադարեցնի այդ հայտարարությունները», — ասել է Կրամերը։

Կոբախիձեն փետրվարի 8-ին ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գերազանցության ֆոնին Վրաստանի պատերազմին ներգրավվելու նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։ Այս հայտարարությունը քննադատության է արժանացել հասարակության և որոշ քաղաքական գործիչների կողմից։

Փետրվարի 9-ին, Կոբախիձեն կրկնել է նույն հայտարարությունը և հավելել, որ Ռուսաստանը ներկայումս և ընդհանուր առմամբ առավելություն ունի Ուկրաինայի հետ պատերազմում։