Կրթաթոշակ՝ արհեստագործական և էլեկտրատեխնիկական բաժինների դիմորդների համար

«Էներգո-Պրո Ջորջիա» էներգետիկ ընկերությունն առաջարկ ունի դիմորդների համար, ովքեր կդառնան արհեստագործական ուսումնարանների և քոլեջների էլեկտրատեխնիկական բաժնի ուսանողներ։

«Էներգո-Պրո Ջորջիա»-ն #Choose the Brightest Company կարգախոսով դիմում է այն դիմորդներին, ովքեր որոշել են ուսումը շարունակել արհեստագործական ուսումնարաններում կամ քոլեջներում, սակայն դեռ կոնկրետ մասնագիտություն չեն ընտրել։

«Էներգո-Պրո Ջորջիա» հոլդինգի Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Գիորգի Տրապաիձեի խոսքով, ընկերությունը կրթաթոշակներ կտրամադրի վերոնշյալ բաժին ընդունված լավագույն ուսանողներին։

«Լավագույն ուսանողներին ընկերության կողմից կտրվեն կրթաթոշակներ, ուսման ավարտին նրանք մեզ մոտ կանցնեն վարձատրվող ստաժավորում, իսկ ավարտելուց հետո կստանան աշխատանքի տեղավորվելու առաջարկ»,- ասել է Գիորգի Տրապաիձեն։

Նրա խոսքով, շեշտը դրվելու է նաև գենդերային խնդիրների վրա․ «Եթե աղջիկներն ընդունվեն էլեկտրատեխնիկայի բաժին, ընկերությունն անվերապահորեն նրանց կառաջարկի նշված կրթաթոշակը»։