Կշարունակվի Սադախլո-Ծոփի-Աղքյորփի միջպետական ճանապարհի վերանորոգումը

Շուտով կմեկնարկեն Սադախլո-Ծոփի-Աղքյորփի (ՀՀ սահման) միջպետական ճանապարհի 9-18 կմ հատվածի վերականգնման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության կողմից հրապարակված մրցույթի արդյունքներից:

Ըստ տեղեկության, Ճանապարհային վարչության և «Իբերի» ՍՊԸ-ի միջև պայմանագիր է կնքվել, որի համաձայն ընկերությունը պարտավորություն է ստանձնել վերանորոգել Ծոփ-Աղքյորփի ճանապարհի 9 կմ հատվածը: Շինարարական աշխատանքների արժեքը 6 մլն 656 հազար լարի է (մոտ 2,1 մլն ԱՄՆ դոլար):

Պայմանագրի համաձայն մրցույթը շահած ընկերությունը պարտավոր է ապահովել պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտը մեկնարկից 12 ամսվա ընթացքում: Պայմանագիրը վավեր է մինչև 2023 թվականի մարտի 13-ը, ինչը ենթադրում է, որ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը ճանապարհաշինարարական աշխատանքները պետք է ավարտված լինեն:

Հիշեցենք՝ ավելի քան 20 կմ երկարությամբ ճանապարհի 6 կմ հատվածը հիմնանորոգվել էր 2019 թվականին, մնացած հատվածը շարունակում է գրեթե անանցանելի վիճակում մնալ:

Նշենք նաև, 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին խորհրդարանում հարցով դիմել էր փոխվարչապետին ու նախարարներին: Պատգամավորը անդրադարձել էր շրջանում ենթակառուցվածքային տեսանկյունից հետագա անելիքներին՝ ընդգծելով առաջնահերթություններից մեկը, այն է՝ Սադախլո-Աղքյորփիի ճանապարհի վերանորոգումը: