Կյանքը փրկելու համար ամեն ինչ կանենք. Թբիլիսիում պայքարում են բուժքրոջ կյանքի համար

Թբիլիսիի 1-ին համալսարանական կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին ասել է, որ Ախալցիխեից իրենց մոտ տեղափոխված 27-ամյա բուժքույրը արհեստական շնչառության ապարատի տակ է, վիճակը ծանր է,  հեմոդինամիկան անկայուն է:

Բժիշկն ասել է, որ իրենց առաջնային նպատակը պացիենտին շոկային վիճակից դուրս բերելն է: Բոլոր հետազոտություններն արվել են, դեռևս դժվար է ասել` ինչի հետևանքով է բուժքրոջ ինքնազգացողությունը վատացել, պարզելու համար առավել խորը հետազոտություններ են անհրաժեշտ` բացատրել է բժիշկը` նշելով, որ այս պահին աշխատում են միայն հիվանդի վիճակը կայունության բերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Ախալցիխեում բուժքույրը պատվաստումից հետո կոմայի մեջ է ընկել, ավելի ուշ տեղափոխվել մայրաքաղաք: Սա երկրում Քովիդ-19 դեմ պատվաստման շրջանակում առաջին  լուրջ  կողմնակի ազդեցությունն էր: Երկրում 2000-ից ավելի բուժաշխատող արդեն պատվաստվել է, մի մասի մոտ ջերմություն ու ընդհանուր թուլություն նկատվել է, մասնագետների խոսքով` անհանգստանալու առիթ չկա:

Վրաստանում պատվաստումը տարվում է  «Աստրազենեկա» պատվաստանյութով.  պետությունը գնել է 43.200 չափաբաժին, որը ծրագրում է իրացնել 2 շաբաթվա ընթացքում: