Լարսը երկկողմանի փակ է

Վրաց-ռուսական սահմանի միակ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետը բոլոր տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ է, գրում է BusinessPressNews-ը:

Ըստ տեղեկության՝ երկու դեպքում էլ ճանապարհների փակման պատճառը վատ եղանակն է։ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից հայտնել են, որ բացի բնակլիմայական պայմաններից, այլ սահմանափակող նորմ չկա։

«Երեկ Ճանապարհների վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ձնահյուսի վտանգի պատճառով փակ է դեպի Լարս տանող ամբողջ ճանապարհը»,- նշել են եկամուտների ծառայությունից։

Նշենք, որ, ըստ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի՝ ձնահոսքի վտանգն արդեն վերացվել է, մաքրման աշխատանքները կավարտվեն 2-3 ժամում, որից հետո մեքենաները կկարողանան շարժվել, ինչ վերաբերում է բեռնատարների երթևեկին, ապա այն աստիճանաբար կվերականգնի պարեկային ոստիկանությունը։