Մենք մտադիր ենք այցելել Տաջիկստան և Ղրղզստան. Մակա Բոճորիշվիլի

«Վրացական երազանք»-ը ծրագրում է այցեր Տաջիկստան և Ղրղզստան։ Այս մտադրության մասին իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

«Անցյալ տարի մենք բազմիցս եղել ենք Թուրքմենստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում. նաև ծրագրում ենք այցեր Տաջիկստան և Ղրղզստան, որպեսզի Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ երկրների հետ համագործակցությունն ինտենսիվ բնույթ կրի։ Վերջերս Ադրբեջանը ներգրավվեց այս ձևաչափում, և որոշ չափով դա դարձավ վեց պետությունների համագործակցության հարթակ։ Սա մեզ համար առանձնահատուկ կարևոր է, քանի որ Ադրբեջանի տարանցիկ դերն ու գործառույթն առանց Վրաստանի, իհարկե, անհնար է պատկերացնել»,- հայտարարել է Մակա Բոճորիշվիլին։

«Իմեդիս կվիրա» հաղորդման ընթացքում նա գնահատել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պետական այցը Վրաստան։

«Սա առաջին հերթին հնարավորություններ է ստեղծում, որպեսզի մենք համատեղ աշխատենք հենց «Միջին միջանցքի» զարգացման, Եվրոպայի և Ասիայի միջև կապի համատեքստում, և այս առումով, իհարկե, շատ կարևոր էր նախագահ Ալիևի այցը Վրաստան»,- նշել է նա։

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Մակա Բոճորիշվիլին ընդգծել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նախագահ Ալիևի հանդիպման կարևորությունը։

«Չեմ խոսի Բիձինա Իվանիշվիլիի դերի մասին վրացական քաղաքականության մեջ և նրա անձնական դերի մասին հենց այն քաղաքականության մեջ, որը երկրին խաղաղություն ապահովեց այս տուրբուլենտ ժամանակաշրջանում, որում մեզ վիճակված է ապրել և աշխատել։ Եվ իհարկե, այս համատեքստում շատ կարևոր էր նախագահ Ալիևի հանդիպումը հենց պարոն Բիձինա Իվանիշվիլիի հետ»,- ասում է նա։