Եվրահանձնաժողովը Վրաստանի վերաբերյալ զեկույց է հրապարակել

Եվրահանձնաժողովը վերլուծական զեկույց է հրապարակել Վրաստանի կողմից ներկայացված ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ և գնահատել է, թե որքանով է Վրաստանը օրենսդրության մակարդակով կարողանում կատարել պարտավորությունները: Հարկ է նշել, որ զեկույցը հիմնված է 2022 թվականի ապրիլին Վրաստանի կողմից ուղարկված հարցաթերթիկների պատասխանների վրա և ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները։

Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը որոշակի մակարդակի պատրաստվածություն ունի արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում պարտավորությունների իրականացման համար։ Ըստ զեկույցի՝ Վրաստանն ունի մի քանի ռազմավարություն, հատկապես՝ ահաբեկչության և միգրացիայի դեմ պայքարելու համար: Որոշ ոլորտներում՝ հատկապես օտարերկրացիներին և ապաստան տրամադրելու ուղղությամբ Վրաստանի օրենսդրությունը հիմնականում համահունչ է ԵՄ օրենսդրությանը, սակայն ինստիտուցիոնալ համագործակցությունը և համակարգումը թույլ են, ինչի  արդյունքը երբեմն անբավարար է:

Եվրահանձնաժողովը մտահոգված է, որ չնայած Վրաստանի որոշակի պատրաստվածության մակարդակին՝ դեռևս անբավարար են վիճակագրության և  վարչական ռեսուրսների ոլորտները. Ազգային վիճակագրական ծառայությունն ունի համեմատաբար փոքր թվով աշխատողներ, վարձատրությունը չի համապատասխանում պետական ​​այլ ծառայությունների աշխատավարձերին, սահմանափակ են նաև ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսները։

Ըստ Եվրահանձնաժողովի, Վրաստանը որոշակի մակարդակով պատրաստվածություն ունի ֆինանսական վերահսկողության ոլորտում, սակայն կառավարման հաշվետվողականությունը, ֆինանսական կառավարումը, վերահսկողությունը և ներքին աուդիտը արդյունավետ չեն իրականացվում՝ անբավարար ներուժի, հանրային ծառայության մեջ դրանց առավելությունների ցածր ըմբռնման պատճառով։ Զեկույցի համաձայն՝ պետք է վերանայվի ֆինանսական տեսչության դերն ու ազդեցությունը պետական ​​հատվածում։

Եվրահանձնաժողովի զեկույցն ընդգրկում է մի շարք ոլորտներ, ներառյալ մրցակցային քաղաքականությունը, որը, ըստ նրա՝ նախապատրաստման վաղ փուլում է, ուստի Վրաստանը պետք է շարունակի բարելավել գերիշխող դիրքի չարաշահման և օրենսդրական դաշտը:

Ըստ Եվրահանձնաժողովի՝ Վրաստանը չափավոր է պատրաստված տնտեսության և դրամավարկային քաղաքականության ոլորտում, Ազգային բանկի անկախությունը հաստատված է օրենքով, սակայն անկախության հետ կապված որոշ դրույթներ հստակեցման կարիք ունեն։

Ի դեպ, Վրաստանը ԵՄ անդամակցության հայտը ներկայացրել է 2022 թվականի մարտի 3-ին։ Դրանից հետո Վրաստանի կառավարությունը Եվրահանձնաժողովից հարցաշար է ստացել, որը պատասխաններով վերադարձրել է Բրյուսել։ 2022 թվականի փետրվարին և մարտին Ուկրաինան և Մոլդովան նույնպես ԵՄ անդամակցության հայտեր են ներկայացրել։ Հունիսին Եվրամիությունը այս երկու երկրներին շնորհել է ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։ Վրաստանը պետք է կատարի 12 հանձնարարական՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: