Լարսում հսկայական հերթեր են. ՌԴ-ում հայտարարված զորակոչի հետևանքները

Վրաց-ռուսական ցամաքային սահմանին՝ Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում մեծ հերթ է գոյացել։ Այդ իրավիճակի մասին պատմում են Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք կարողացել են հատել սահմանը։

Նրանց խոսքով՝ ռուսական կողմում սահմանային հսկողությունը խստացվել է, բոլոր տղամարդկանց հարցաքննում են, թե ինչ նպատակով են երկրից հեռանում` դա կապելով Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի հետ։

«Սահմանին հսկայական հերթ է։ Շատերը վախենում են, որ կզորակոչվեն, շատերը պատերազմ չեն ուզում, դրա համար էլ լքում են երկիրը։ Սահմանին մանրակրկիտ ստուգվում են, բոլոր տղամարդիկ հարցաքննվում են, ուստի լարվածություն կա»,- ասել է ՌԴ քաղաքացին։

ՌԴ քաղաքացիներից ոմանք ասել են, որ ծրագրում են ժամանակավոր մնալ Վրաստանում, իսկ ոմանք ցանկանում են գնալ այլ ուղղությամբ։

Ըստ նրանց՝ բողոքի ցույցերն ավելացել են ռուս հասարակության մեջ, թեև կարծում են, որ դա ոչինչ չի փոխի։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մասնակի մոբիլիզացիա էր հայտարարել սեպտեմբերի 21-ին՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց կես տարի անց։