Քաղաքական սկանդալ ընդդիմադիր ՄԱՇ-ում

Վրաստանի ամենաազդեցիկ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից ոմանք քննադատում են կուսակցության նախագահ Նիկա Մելիային՝ Դավիթ Կեզերաշվիլիի դեմ արած հայտարարության համար։

«Ես անկեղծորեն ցավում եմ այդ հայտարարության համար։ Այն իրավիճակում, երբ ռուս օլիգարխ, Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմը թուլացած է, և նրա թիմակիցները մերկացնում են կառավարության անդամներին Կրեմլի հետ հարաբերություններում, կարծում եմ, նման պահի ՄԱՇ նախագահի սլաքներն այլ ուղղությամբ շարժելը սխալ է»,- ասել է ՄԱՇ անդամ Լևան Խաբեիշվիլին։

Խաբեիշվիլիի խոսքով, Վրաստանում կա մեկ ռուս օլիգարխ, և դա Բիձինա Իվանիշվիլին է։

«Դավիթ Կեզերաշվիլին ընդդիմադիր ալիքի հիմնադիրն է, որին նույնպես հետապնդում է ռուս օլիգարխը։ Նա նաև ճանաչված քաղաքական փախստական ​​է՝ համաձայն ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի և եվրոպական բանաձևի»,- նշել է Խաբեիշվիլին։

ՄԱՇ անդամ, խորհրդարանի պատգամավոր Գիորգի Բոտկովելին նույնպես հայտարարել է, որ երկրում միայն մեկ օլիգարխի՝ Բիձինա Իվանիշվիլիի գոյության մասին է տեղյակ, որը երկիրը տանում է դեպի Ռուսաստան։

Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր` Դավիթ Կիրկիտաձեն, տարօրինակ հայտարարություն է որակել Կեզերաշվիլիի դեմ արված Մելիայի քննադատությունը և ասել.

«Բնականաբար, ողջ հասարակության՝ ոչ միայն ընդդիմության, այս երկրի բոլոր հայրենասերների գլխավոր խնդիրը օլիգարխն է, որը բաժանում է մեզ Եվրոպայից և մեզ համար այդքան խնդիրներ է ստեղծել, գրավել է իշխանության բոլոր ճյուղերը։ Հիմա սլաքներն այլ ուղղություններով շարժելն ու էներգիան այլ բաների վրա վատնելը ճիշտ չէ»։