Լարսում կուտակումները պայմանավորված են ռուսական կողմում ընթացող շինաշխատանքներով

Լարսում բեռնափոխադրումների կուտակումներն ու երթևեկության խաթարումը կապված է ռուսական կողմում իրականացվող շինարարական աշխատանքների հետ։ Այս մասին նշվում է Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության այսօր տարածած հայտարարությունում։

Մի քանի օր է լրատվամիջոցներն ահազանգում են, որ դեպի Ռուսաստանի սահման տանող Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ռազմավիրական ավտոմայրուղու երկայնքով՝ մինչև «Կազբեգի» անցակետ հարյուրավոր բեռնատարների հերթեր են գոյացել։ Վրաստանի ՖՆ-ի եկամուտների ծառայության փոխանցմամբ, դանդաղել է անցակետով ներմուծումն ու արտահանումը, ​​սահմանը հատելու գործընթացը։

Հայտարարությունում նշվում է, որ խնդիրները կվերանան, երբ ռուսական կողմում շինաշխատանքներն ավարտվեն։ Բացի այդ, ծառայությունից հայտնում են, որ «Կազբեգի» մաքսային անցակետը գործում է շուրջօրյա, կարող է սպասարկել օրական ավելի քան 1000 բեռնատար: 

Վրաստանի ՖՆ-ի եկամուտների ծառայությունը, Վրաստանի ՆԳՆ-ի և մի շարք այլ  պետական ​​գերատեսչությունների հետ ակտիվորեն աշխատում է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների հերթերը վերացնելու, հարևան երկրներից ՌԴ և Կենտրոնական Ասիայի երկրներ տարանցիկ փոխադրումների համար այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ։ 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՌԴ-ի հետ սահման տանող ճանապարհին՝ մասնավորապես Գուդաուրի-Կոբի հատվածում, այսօր առավոտյան առատ ձյան պատճառով սահմանափակումներ էին գործում։