ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտնել է հոկտեմբերի 2-ին երկրում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքները: 

Մասնավորապես, յուրաքանչյուր ընտրատարածքի հանձնարարվել է պատահականության սկզբունքով վերահաշվարկ անել 5 ընտրատեղամասում, ըստ այդմ՝ վերահաշվարկվել են 72 ընտրատարածքների 360 ընտրատեղամասերի արդյունքները: Վերահաշվարկը չի կատարվել Կրծանիսիի ընտրատարածքում, որտեղ քվեարկությունը տեղի է ունեցել էլեկտրոնային եղանակով:  

Նշվում է, որ 239 տեղամասի (հաշվարկված տեղամասերի 66,7%-ը) տվյալները վերահաշվարկից հետո էլ մնացել են անփոփոխ: 

«Եղել են նաև թերություններ, որոնք բացահայտվել են հաշվարկի արդյունքում և, բնականաբար, տվյալների մեջ կատարվել է համապատասխան փոփոխություն: Անհատ թեկնածուները փոքր-ինչ ավելացրել կամ նվազեցրել են ձայների թիվը, սակայն դա չի ազդել ընդհանուր արդյունքի վրա», — ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին՝ հավելելով, որ 121 ընտրատեղամասերում տվյալները փոքր-ինչ փոխվել են։

Նշենք, որ նման վերահաշվարկը պայմանավորված է ընտրական օրենսդրության փոփոխություններով։ Բացի այդ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պահանջում է լրացուցիչ 539 ամփոփ արձանագրությունների վերահաշվարկ՝ ներառյալ 478 տեղամասերի արդյունքների բողոքարկումները: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ՏԻՄ  ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի Վրաստանի առնվազն 20 քաղաքներում։