Լավագույն ուսուցչի ազգային մրցանակի հաղթողը ստացավ նաև 15 հազար լարի

Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանում տեղի է ունեցել ուսուցչի ազգային մրցանակի հանձնման արարողությունը, որը սկսվել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի ելույթով։ Նախարարը դիմել է ներկաներին, շնորհավորել բոլոր ուսուցիչներին մասնագիտական ​​օրվա կապակցությամբ և խոսել ուսուցչի դերի կարևորության մասին հաջորդ սերնդի կրթության գործում։

Վրաստանում 2022 թվականի լավագույն ուսուցիչ է ճանաչվել Խուլոյի մունիցիպալիտետի Մեկեիձեբի գյուղի հանրային դպրոցի անգլերենի ուսուցիչ Ռոլանդ Շավաձեն. պատվավոր մրցանակի հետ միասին նախարարը հանձնել է նաաև 15 հազար լարի։

«Այս նախագիծն իսկապես ամենակարևոր նախաձեռնություններից է, որը ծառայում է ուսուցչի մասնագիտության հանրահռչակմանը` գնահատելով մեր ուսուցիչներին և բարձրացնելով նրանց մոտիվացիան:

Ուսուցչությունը միշտ եղել է ամենապատվաբեր և միաժամանակ շատ պատասխանատու մասնագիտությունը, բոլորս էլ համաձայն ենք, որ կրթված սերունդը մեր երկրի առաջընթացի և զարգացման գրավականն է, և ուսուցչի դերն այս գործում անչափ մեծ է», — ասել է Միխեիլ Չխենկելին։

Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլին 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ուսուցչի ազգային մրցանակի հաղթողին հանձնել է պատվավոր մրցանակը և անձամբ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։

Այս տարի ազգային ուսուցչի մրցանակի եզրափակիչ փուլ անցածների թվում էին` Չոխատաուրի Աստվածածնի անվան ծխական դպրոցի վրացերենի և գրականության ուսուցիչ Նանա Մգալոբլիշվիլին, «Շավնաբադա» գիմնազիայի քիմիայի ուսուցիչ Միխեիլ Լաբարտկղավան, Քութաիսիի 33-րդ հանրային դպրոցի հատուկ ուսուցիչ Սոփիո Ձիգրաշվիլին և Ծալկայի մունիցիպալիտետի Գումբաթի գյուղի հանրային դպրոցի վրացերենի և գրականության ու  անգլերենի ուսուցիչ Իրա Ձիրքվաձեն։ Լավագույն հնգյակում ընդգրկված յուրաքանչյուր ուսուցիչ պարգևատրվել է 5 հազար լարիով:

Նշենք, որ ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարության, «Կրթությունը բոլորի համար» կոալիցիայի և Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա: