ԼՂ նախագահը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր դե ֆակտո նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ասլան Բժանիային: Այս մասին հաղորդում է ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունը։

«Մեծարգո՛ Ասլան Գեորգիի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Ձեր անցած ճանապարհը, գիտելիքները, պետական ու քաղաքական գործչի փորձը, անկասկած, կծառայեն Աբխազիայի հետագա բազմակողմանի զարգացմանն ու նրա պետական ինքնիշխանության ամրապնդմանը:
Արցախում բարձր են գնահատում Աբխազիայի հետ բարեկամության եւ սերտ համագործակցության ավանդույթների վրա հիմնված եղբայրական հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերը հետագայում եւս կընդլայնվեն ու կխորանան:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Ասլան Գեորգիի, պետության ղեկավարի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Մաղթում եմ բարեկեցություն եւ հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ հանուն Աբխազիայի խաղաղության եւ բարգավաճման», — ասվում է ուղերձում:
Նախօրեին գրել ենք, որ Աբխազիայում սեպտեմբերին անցկացված ընտրությունների արդյունքները չեղարկվել էին, դե ֆակտո գերագույն դատարանի որոշմամբ նոր ընտրություններ էին նշանակվել: Հատկանշական է, որ ընտրությունների արդյունքները չի ճանաչել Ադրբեջանը։