Վրացալեզու մամուլում՝ հայերեն. Ինչ է կորոնավիրուսը

Վրաստանյան մի շարք լրատվականներ, օրինակ՝ publika.ge-ն,  netgazeti.ge-ն, on.ge-ն այսօր հայերենով հրապարակում են արել՝ Ինչ է կորոնավիրուսը թեմայով: 

Ծավալուն հոդվածում խորհրդատվություններ են՝ ծնողների, դաստիարակների և հետաքրքրված անձանց համար: Խոսվում է նոր տիպի COVID-19 վարակի տարածման ձևերի, բնորոշ ախտանիշների, վարակման վտանգների, պաշտպանության ձևերի, կանխարգելման ու բուժման տարբերակների մասին:

Հայալեզու հոդվածի հեղինակը Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնն է:

Նախաձեռնությունը նպատակ ունի կորոնավիրուսի կանխարգելման մասին տեղեկատվությունը հասանելի դարձնել վրացերենին չտիրապետող հայերին, խոսքը ոչ միայն Ջավախքի, այլև  Մառնեուլիի հայաբնակ շրջանների մասին է:

Ի դեպ, Մառնեուլիի շրջանի համար Վրաստանի կառավարության կողմից ուղարկված կարճ հաղորդագրությունները հիմնականում երկլեզու են՝ վրացերեն և ադրբեջաներեն:  Ինչպես օրինակ այսօր՝ մունիցիպալիտետը կարանտինային գոտի հայտարարելու մասին ուղարկված կառավարության հաղորդագրության մեջ հայերենն  անտեսվել է՝ չնայած Մառնեուլիի շրջանում լրիվ հայաբնակ 9 գյուղ կա: