ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վրաստանի արդարադատության տունն աշխատում է հատուկ ռեժիմով

Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով արդարադատության տունն աշխատում է հատուկ ռեժիմով, բոլոր մուտքերը փակ են և հսկվում են ոստիկանության աշխատակիցների կողմից։

Արդարադատության տուն մուտք գործել կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` անհետաձգելի գործարքների՝ օրինակ՝ ծննդյան կամ մահվան վկայականներ ստանալու համար։
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ շաբաթ էր Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին բնակչությանը կոչ արել` զերծ մնալ արդարադատության տներ, հանրային կենտրոններ, նոտարական բյուրոներ այցելելուց:

Վրաստանում մարտի 20-ի  դրությամբ կորոնավիրուսի հաստատված 43 դեպք կա,  վարակվածներից մեկը ապաքինվել է, մահվան դեպքեր չկան: Կարանտինում մնում է  1575 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝  275:

Վրաստանը մարտի 18-ից երկու շաբաթով փակեց սահմանները օտարերկրացիների համար: Արգելք է գործում հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, մասամբ Թուրքիայի հետ քաղաքացիների տեղաշարժերի համար: Բեռնափոխադրումների դեպքում արգելքը չի տարածվում:

Մարտի սկզբից փակ են Վրաստանի բոլոր ուսումնական հաստատությունները, պետական գերատեսչություններն անցել են հեռահար աշխատանքի: Եկեղեցիներում ախտահանման աշխատանքներ են տարվում, չեղարկվել են հոգևոր արարողությունները՝ որոշ տաճարներում: Հատուկ ռեժիմներ են գործում կալանավայրերում, զինվորական կառույցներում:

Բանկերը 3 ամսով երկարաձգել են վարկերի մարումը, զբոսաշրջության ոլորտի հարկատուներին պետությունը 4 ամսով ազատել է հարկերից, հարկային արտոնություններ են սահմանվել մանր ու միջին բիզնեսի համար:

Վրաստանի կառավարությունը խորհուրդ է տվել փակել գեղեցկության սրահները, ժամանցի վայրերը, տոտալիզատորները, ռեստորաններն ու սրճարաններն աշխատում են միայն առաքումով:

70-ն անց քաղաքացիներին հորդորում են դուրս չգալ տներից, խուսափել մարդկանց կուտակումներից: