Կարանտինը պարտադիր կդառնա բոլոր երկրներից վերադարձողների համար

Կորոնավիրուսի հետ կապված միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, պարտադիր կարանտին կանցնեն ցանկացած երկրից վերադարձող Վրաստանի բոլոր քաղաքացիները:

Վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանիի խոսքով, այսուհետ սահմանափակումը կվերաբերվի ոչ միայն ռիսկային երկրներին:

Սրա հետ կապված մաքսակետերի` Լարսի, կարմիր կամրջի ու Սարփիի հարակից տարածքներում կարանտինային գոտիներ կստեղծվեն:

Հիշեցնենք, այսօր` մարտի 20-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք: Արձանագրված դեպքերի թիվն այսօրվա դրությամբ 43 է, կարանտինային գոտում գտնվում է 1575 մարդ, հատուկ հսկողության տակ` 275:

Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում`

մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:

Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, սննդի խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Խորհրդարանը լրատվամիջոցների հետ որոշում է կայացրել աշխատել առցանց,  քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեության հարցը ևս:

Արգելվել են երթուղային տաքսիների երթևեկը, սպորտային սրահների գործունեությունը: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր: