Մարաթոնի ընթացքում պատվաստվել է 1401 քաղաքացի․ Գամկղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, պատվաստումների իրազեկման ու խրախուսման նպատակով անցկացվող մարաթոնի շրջանակներում իրականացվել է 1401 պատվաստում։

Հոկտեմբերի 18-ից մարզերում մեկնարկել է պատվաստումների մարաթոնը և մինչև ամսվա վերջ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի աշխատակիցները մոտ համայնքային բուժաշխատողների հետ կայցելեն գյուղեր՝ բնակչությանը պատվաստման մասին իրազեկելու նպատակով։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը թեև ընդունել է, որ պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավը քիչ է ցանկալի նպատակին հասնելու համար, սակայն, այնուամենայնիվ, կարծում է, որ պետությունը չէր կարող լայնածավալ հաղորդակցման քարոզարշավ սկսել, քանի դեռ երկրում բավարար քանակի պատվաստանյութ չկա։

Ամիրան Գամկղրելիձեն ևս մեկ անգամ նշում է, որ Վրաստանում պատվաստումների մակարդակը բավական ընկել է, ու եթե օգոստոսին ու սեպտեմբերի սկզբին օրական 15-20.000 պատվաստում էր արվում, ապա այժմ ամենաշատը 5000-ի է հասնում օրական պատվաստումների թիվը։ Ըստ Գամկղրելիձեի` առկա վիճակագրության համաձայն՝ պատվաստումների ամենաբարձր ցուցանիշը Թբիլիսիում է, ամենացածրը՝ Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախքում, ուստի տեղեկատվական արշավ է նախատեսվում նաև այդ վայրերում։

«Եթե մենք չբարձրացնենք իմունիզացիայի մակարդակը, կունենանք վիրուսի նման երկամսյա փուլեր, իսկ դա, ցավոք, վնասակար կլինի»,- այսօր Համակարգող խորհրդի նիստից հետո ասել է Ամիրան Գամկղրելիձեն։

Գամկղրելիձեն կողմ է որոշակի խմբերի պարտադիր պատվաստմանը, մինչդեռ Վրաստանի վարչապետն ասում է, որ թույլ չի տա, որ պատվաստումը պարտադիր լինի։

Համաձայն պատվաստումների գործընթացի մեկնարկից առաջ Վրաստանի կառավարության կողմից կազմված իմունիզացիայի ծրագրի՝ Վրաստանում չափահաս բնակչության 60%-ը պետք է պատվաստվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով։ Այսօր Ամիրան Գամկրելիձեն ասել է, որ այս պլանը կարող է իրականացվել, եթե երկու ամսվա ընթացքում օրական 17-20 հազար պատրաստում արվի։

Հիշեցնենք, որ Վրաստանում լիովին պատվաստված բնակչության թիվը չի հասնում 33%-ի, չափահաս բնակչության 36%-ը պատվաստվել է մեկ դեղաչափով։

Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր