Մարգվելաշվիլին կքվեարկի ընդդիմության թեկնածուի օգտին

Նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելու է Նիկա Մելիայի օգտին, չնայած նախկինում եղել է Կախա Կալաձեի թիմից։ 

Գիորգի Մարգվելաշվիլին նշել է, որ այժմ ընդդիմությունը պետք է գործի «այսօր միասին, վաղն առանձին» սկզբունքով։ 

«Ես կոնկրետ ընտրություն ունեմ՝ Կալաձեն և Մելիան, ընտրում եմ ընդդիմությանը, որովհետև գիտեմ, որ այսօրվա իրականությունը յուրացում, գողություն, խարդախություն, այլասերվածություն է։ Այս ամենը, որ տեղի է ունենում կառավարությունում, կարող է կանգնեցնել միայն «Միացյալ ազգային շարժումը»։ Չենք կարող կանգնեցնել այն, եթե չուժեղացնենք ընդդիմությանը», — ասել է Մարգվելաշվիլին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ են անցել «Վրացական երազանք»-ի թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձեն և «Ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան։ ԿԸՀ֊ի տվյալներով՝ Կալաձեն ստացել է 45,04%, Մելիան՝ 33,96% քվե։ 

Ընտրությունների 2-րդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին։

Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2013-2018 թվականներին՝ հաղթանակը գրանցելով իշխող «Վրացական երազանքի» աջակցությամբ, սակայն նախագահի պաշտոնում նա հիշվում է իշխող ուժի հետ բացահայտ առճակատմամբ։

Տիրուհի Համազարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր